ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 122

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի,  2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ  հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր կլինի սկսել մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները։

Փաշինյանի իշխանությունը, որ պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ է մետրոյի նոր կայարան կառուցելու մասին խոսում, այդպես էլ ժամկետ չի հայտնում, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի։

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տարի հետ է գնացել ու վերհիշել՝ ինչպես էր 2017-ին դեռ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, Երեւանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթեր մտնում  մետրոպոլիտենի՝ «Աջափնյակ» կիսակառույց կայարանի մոտից ու հայտարարում. «Եթե ձեր քվեն տաք «Ելք» դաշինքին, ապա մենք խոստանում ենք, որ մինչեւ 2022 թվականը Երեւան քաղաքում մետրոյի առնվազն մեկ կայարան կավելանա։ Ինչպես հասկանում ենք, ամենաիրատեսականն այս պահին «Աջափնյակ» կայարանն է»։

Վերոնշյալ խոստումը նա 2017-ի մայիսի 5-ին է տվել, բայց խոստումը՝ խոստում, իսկ փաստն այն է, որ դրանից ավելի քան 5 տարի անց ոչ միայն քաղաքային, այլ նաեւ ամբողջ երկրի իշխանությունն է իր ու իր քաղաքական թիմի ձեռքում, սակայն երեւանյան մետրոպոլիտենում որեւէ նոր կայարան չի բացվել։  Փաշինյանը նորի՛ց է խաբել։

 

 

Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է:  Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ»  օրաթերթն օրեր առաջ ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, սակայն դեռ պատասխան չունենք: Երեկ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում: Մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին կառավարությունը գումար էր հատկացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության միջոցառումը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, գիտության եւ արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունն անցկացնելու նպատակով: Օրինակ՝ համալիրի մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով հատկացվել էր 170 մլն 520 հազար դրամ, 60 մլն դրամ՝ ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման համար, իսկ, ահա, հանդերձարանների եւ միջանցքի վերանորոգման համար հատկացված գումարը կազմել է 42 մլն դրամ, փոխարինման ենթակա երկու վերելակի ձեռքբերման նպատակով 22 մլն 800 հազար դրամ է հատկացվել: Տեղեկացնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի միջազգային մրցույթը։

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի եւ լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»: Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է 13 անձ, որից 5-ը՝ պատգամավոր: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 անձի փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ  գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: Տեղեկացնենք, որ նախագահական ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։  Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Արդեն հայտնի են վարչության անդամի 47 թեկնածուների անունները, որոնք կպայքարեն 21 տեղի համար: Թեկնածուների թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, Էդուարդ Աղաջանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։ Ըստ կուսակցության կանոնադրության՝ վարչության անդամներն ընտրվում են համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այնուհետեւ վարչությունն իր միջից պետք է ընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ իշխող կուսակցության համաժողովը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 




Լրահոս