Փաշինյանի հետ սեղմ կազմով հանդիպումն ու աշխատակազմի ղեկավարի հեռանալը. ինչու նման որոշում կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել էր մի քանի կուսակիցների հետ: Այդ օրը 168.am-ը ֆիքսել էր, որ հանդիպումը ընթանում է սեղմ կազմով եւ սուրճի սեղանի շուրջ:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ ՔՊ վարչության ընտրության շուրջ ստեղծված հայտնի իրավիճակից հետո, երբ պարզվեց, որ հաշվարկը սխալ է արվել, վերահաշվարկ եղավ եւ կազմն էլ փոխվեց: Շաբաթ օրը տեղի ունեցած նեղ կազմով հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՔՊ աշխատակազմի ղեկավար, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Եվ ուշագրավ զուգադիպությամբ վերջինս երեկ հայտարարեց, թե այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Ինչո՞ւ, արդյոք շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է վարչության կազմի ընտրության հարցը: Armlur.am-ը այս հարցն ուղղեց ՔՊ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանին, վերջինս վստահեցրեց, որ ոչ, ապա նշեց, թե քննարկել են անցած շրջանում կուսակցությունում կատարված աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: «Մեր կանոնադրությամբ նորընտիր Վարչության նախագահը Վարչության հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կառուցվածքի իր ծրագիրը, որը հավանության արժանանալու դեպքում, Վարչության նախագահը կատարում է համապատասխան նշանակումներ, հետևաբար՝ իմ լիազորությունները դադարել են նախորդ Վարչության լիազորությունների հետ միասին», – նշեց նա:

Հավելենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավորների հետ եւ ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկել վարչության ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս