Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն: Այս մասին ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:
Միեւնույն ժամանակ նրանք պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Իսկ ահա նրանց հյուրընկալելիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար, եւ երկու երկրներից էլ տեսնում են իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ:
Պետքարտուղարը չի հստակեցրել` որոնք են այդ քայլերը, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հակամարտության կարգավորմանը.
Ընդգծենք, որ այս հանդիպումը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ հանդիպումն է սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած բախումներից հետո:
Եռակողմ հանդիպումից առաջ նախ տեղի էր ունեցել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանձնազրույցը եւ այդ ամենը ընթանում էր Սպիտակ տնից քիչ հեռու:
Մանրամասները՝ տեսանյութում