ԲԱՑՎԵՑ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՐՁԱՆ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ականավոր դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, տեղադրվեց մաեստրոյի արձան-հուշակոթողը:

 

Արձան-հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ մշակութային գործիչներ:

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ երբ տեսել է քանդակի լուսանկարը, ցնցվել է: «Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Նա այսպիսին չէր երեւում բեմում: Հիշում եմ Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որում  Դուրյանը փորձի ժամանակ կարճաթեւ շապիկով է: Նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետեւ ֆրակով Դուրյանը տեսանելի եւ ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միեւնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ»,- նշեց Փաշինյանն ու շնորհավորեց մտահղացման հեղինակին եւ գաղափարն իրականացնողներին:

Գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանն էլ հանդիսությունը վերնագրեց «Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»: «1957 թվական՝ վերադարձ Խորհրդային Հայաստան, 1991 թվական՝ վերադարձ անկախացած Հայաստանի Հանրապետություն, եւ երեկ՝ 2022 թվականի նոյեմբերի 4՝ վերադարձ երրորդ կամ հավերժական: Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ քաղաքացի եւ մտավորական, իմ իսկ բնութագրմամբ՝ Հայաստանի ամենաազատ եւ ամենաանկախ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց Ազատության հրապարակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածք»,-շեշտեց Վարդապետյանն ու ընդգծեց, որ տեղի ընտրությունը խորհրդանշական է:

Նրա խոսքով՝ կատարողական արվեստի համաշխարհային մեծությունն օպերայի եւ ֆիլհարմոնիայի մոտ պետք է լիներ: Նա շեշտեց՝ մինչեւ կյանքի վերջին շունչը Դուրյանը հանուն ժողովրդի ազատության, ինքնիշխանության եւ անկախության համար էր պայքարում եւ համաժողովրդական շարժման դիրիժոր էր: «Ֆրանսիայի քաղաքացին, արվեստի եւ գրականության պատվո ասպետը Ֆրանսիայի հրապարակին այսքան մերձ է, եւ, ամենակարեւորը, կարծում եմ՝  փառավորվում է Օհան Դուրյանի հոգին, քանի որ այսքան մոտ է իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին»,- ասաց նա: Օհան Դուրյանի այրին երախտագիտություն հայտնեց նախաձեռնողներին ու աջակիցներին գաղափարի եւ դրա իրագործման համար: Նա խաղաղություն մաղթեց երկրին, իմաստություն՝ ժողովրդին, ու նվաճումներ՝ մշակութային եւ այլ ասպարեզներում:

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Օհան Դուրյանին մեր ազգի սյուներից է համարում, կարծում է, որ նա մշակույթի մեծ վարպետ էր: «Հենց այնպես չէ, որ նրան ասում ենք մաեստրո: Շատ քիչ մարդկանց է հնարավոր այդպես ասել: Ցանկացել եմ գլխի, ձեռքերի, ապակե սյուների միջոցով երաժշտություն, ռիթմ ցույց տալ, ներկայացնել Դուրյանի էությունը: Հենց այդպես եմ պատկերացնում Դուրյանին: Անհամեստ թող չհնչի, սակայն կարծում եմ՝ ստացվել է: Կարեւոր էր, որ Թումանյանի, Սպենդիարյանի կողքին Օհան Դուրյանը ո՛չ մեծ, ո՛չ փոքր երեւա»,- նշեց քանդակի հեղինակն ու շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին:

Օհան Դուրյանի որդի Նարեկ Դուրյանը նշեց, որ Օհան Դուրյանը խիստ հայր է եղել: «Դաստիարակությունն այսօր վերածվել է երկխոսության, որը երեխան է վարում ծնողների հետ: Այդպես չպետք է լինի: Մի ծայրահեղությունից մյուսն ընկնել պետք չէ: Ծնողը պետք է երեխային դաստիարակի ու խիստ լինի:

Դա շատ լավ պտուղներ է տալիս: Այդպես եմ կարծում՝ նայելով ինձ: Օհան Դուրյանը շատ խիստ հայր էր, ինչի համար շնորհակալ եմ նրան ու երախտապարտ»,-ասաց դերասանը: Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց՝ Դուրյանի կյանքը կապված էր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական կյանքի հետ: «Այս հրապարակում օպերային թատրոնն է, որտեղ իր կյանքի մի զգալի մասն է անցկացրել Դուրյանն ու հիացրել է բոլորիս իր արվեստով: Արձանի մեջ շատ էքսպրեսիա կա, ինչը բնորոշ էր մեծ մաեստրոյին:

Քաղաքակիրթ է դառնում այն հանրությունը, որը հասկանում է՝ մշակույթն իր կյանքի կարեւորագույն մասն է, եւ ես հույս ունեմ, որ այս արձանն ու երաժշտությունը, որն այստեղ հնչում է, մեզ բոլորիս կդարձնեն ավելի կիրթ, ավելի հանդուրժող, մարդկային, իսկ մաեստրոն կապրի»,-հավաստիացրեց Բաբայանը: Քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակն Արսեն Պետրոսյանն է:

 

 

 

ԱՐԱՄ mp3-Ի ԴՈՒՍՏՐԸ

Երգիչ Արամ mp3-ի կինը՝ Աննան, երեկ առաջին անգամ առանց թաքցնելու ցուցադրել է դստեր՝ Շողերի դեմքը: Լուսանկարում երեւում է, թե ինչպես է Արամը ժամանակ անցկացնում զավակների եւ դստեր հետ:

Նշենք, որ Արամ mp3-ին ունի երկու որդի եւ մեկ դուստր:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ

Երեկ վերջին հրաժեշտը տվեցին տաղանդաշատ թատերական գործիչ Վահե Շահվերդյանին: Մեծ վարպետի մահվան բոթը ցնցել եւ մեծ ցավ է պատճառել նրա սաներին եւ դերասաններին: Ավելի վաղ հայտնել էինք, որ 77 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նրա մահվան մասին հայտնել էր որդին՝ բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵՑ

«Բարսելոնա»-ի 35-ամյա իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հիմա կարիերան ավարտելու պատճառով կատալոնական ակումբից կստանա պայմանագրով նախատեսվածից 30 միլիոն եվրո քիչ գումար։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» – «Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնա»-ի սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

 

 

 

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՅԱԼ Է

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի աշխատանքն իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Արդեն երկար տարիներ ճանաչում եմ Մոուրինյոյին եւ կարծում եմ, որ «Ռոման» նրան փոխել է։ Նրանց միությունը կատարյալ է։

Մոուրինյոն բացառիկ անհատականություն է ֆուտբոլային աշխարհում։ Նրա բարեխղճությունն ու խելքը մնում են նախկին մակարդակի վրա»,- ասել է Անչելոտին Մոուրինյոյի մասին գիրք գրող լրագրող Իվան Ձաձարոնիին։

Մոուրինյոն անցած մրցաշրջանում է գլխավորել «Ռոման», որը նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Այս մրցաշրջանում իտալական թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ 5 ՏԻՏՂՈՍ

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ավելի կարեւոր է համարում իր կարիերայում 5 տիտղոսը Չեմպիոնները լիգայում, քան աշխարհի չեմպիոնի կոչումը, որը նվաճել է 2014-ին Գերմանիայի հավաքականի կազմում։

«Այդքան էլ բարդ հարց չէ։ Ես կընտրեի 5 տիտղոսը Չեմպիոնների լիգայում։ Հարցը քանակի մեջ է։ Ես միշտ սիրել եմ կայունություն։ 8 տարում 5 հաղթանակն այդ մրցաշարում բացառիկ նվաճում է»,-ասել է Տոնի Կրոսը։

Կրոսն առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել Մյունխենի «Բավարիա»-ի հետ 2013-ին, հետո չորս անգամ այս մրցաշարում հաղթել է Արքայական ակումբի հետ (2016, 2017, 2018, 2022)։

 




Լրահոս