ԽՄԲԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր եւ այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձեւավորման ու գործունեության եւ ուսումնական նախագծերի իրականացման կարգը»:

 

Ուսումնական խմբակների ձեւավորումը

Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում ունեցող մասնագետը:

Խմբակը ստեղծվում է սովորողների՝

-արտադասարանական ուսումնառության եւ ժամանցի կազմակերպման համար,

-նախասիրությունների, հետաքրքրության տարբեր ոլորտների (գիտություն, արվեստ, զբոսաշրջություն, հայրենագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ եւ այլն) վերաբերյալ ուսումնական ծրագրերի իրականացման համար,

-սոցիալականացման եւ ինքնուրույն կենսագործունեության համար,

– մասնագիտական կողմնորոշման համար:

Հաստատությունում խմբակները ձեւավորվում են՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ՝ տնօրենի հրամանով՝ պահպանելով կարգով սահմանված պահանջները: Լիազորված մարմնի որոշմամբ սահմանվում են առողջ ապրելակերպի խմբակն ու մասնագիտական կողմնորոշման ակումբը։

Խմբակի ծրագիրն անհրաժեշտ է մինչեւ հունիսի 15-ը ներկայացնել ԿԶՆԱԿ  հիմնադրամ նոր ուսումնական տարում գործածելու նպատակով: Փորձագիտական դրական եզրակացության դեպքում խմբակի ծրագիրը ներկայացվում է ԿԳՄՍ նախարարություն՝ սահմանված կարգով գործածության երաշխավորելու համար:

Նախարարության կողմից հաստատված ծրագրերը հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են օգտագործել առանց լրացուցիչ հաստատման:

Կրթական որեւէ աստիճանում խմբակի իրականացման համար հատկացվող ժամաքանակը չի կարող գերազանցել շաբաթական 2 ժամը։ Կրթական տարբեր աստիճաններում միաժամանակ կարող է իրականացվել նույն խմբակը։

Յուրաքանչյուր կրթական աստիճանում գործող ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։ Ծրագրի անվանումը չի կարող կրկնել ուսումնական պլանով նախատեսված որեւէ ուսումնական առարկայի անվանումը եւ ծրագրի բովանդակությունը:

Ուսումնական խմբակների գործունեությունը

Խմբակը տարիֆիկացվում է, եթե դրա ծրագիրը հաստատել է հաստատության տնօրենը, եւ առնվազն 8 սովորող խմբակում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Սովորողները կարող են մասնակցել խմբակի աշխատանքներին իրենց ցանկությամբ եւ հրաժարվել դրան մասնակցելուց առանց հիմնավորման: Բացառություն կարող են կազմել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանված խմբակները։ Հաստատության ընտրությամբ խմբակում ընդգրկված սովորողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ձեւավորող գնահատման մեթոդներով:

Դպրոցներում ուսումնական նախագծերի իրականացումը

Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաններում: Նախագիծն առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որեւէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որեւէ օբյեկտի կամ երեւույթի վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանք է՝ նվիրված օրինաչափությունների,  առանձնահատկությունների հետազոտմանը, արդյունքների ստացման եւ եզրակացությունների արձանագրմանը: Սովորողի կողմից նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ ուսումնական առարկայի շրջանակում, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից՝ հետազոտության մեթոդների համադրմամբ, միեւնույն օբյեկտի եւ երեւույթի, օրինաչափությունների կամ առանձնահատկությունների վերաբերյալ տվյալների հավաքման, համադրման, վերլուծության շրջանակում: Նախագծի թեման կարող է լինել առարկայի(ների) շրջանակում հետազոտություն, մշակութային, ազգագրական միջոցառում, համայնքի խնդիրներին նվիրված աշխատանք։

Հաստատությունն ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է համապատասխան ժամաքանակ, որը տարիֆիկացվում է: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են մասնակցող բոլոր առարկաների ուսուցիչներին տրվող ժամաքանակները՝ մասնակցության տեւողությանը համապատասխան։ Սովորողներն իրենք են ընտրում այն նախագիծը, որին ցանկանում են մասնակցել: Նրանք կարող են չմասնակցել դրա աշխատանքներին, առանց պատճառ ներկայացնելու։ Նախագիծն ավարտելուց հետո սովորողն այն պաշտպանում է նախագծի ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչների հանձնաժողովի մոտ: Սովորողների կողմից իրականացված ավարտուն նախագծերը գնահատվում են եւ հրապարակվում դպրոցի կայքում:

Ն. Հ.

 

 

ԿՀԱՏԿԱՑՎԻ 298,6 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությանը 2023թ. կհատկացվի մոտ 298,6 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 2022թ. գերատեսչությանը տրամադրվել էր 268 մլրդ 300 մլն դրամ։ «2021թ. հատկացվել էր 201 մլրդ 370 մլն դրամ»,- տեղեկացրել է Խաչատրյանը։ Շրջակա միջավայրի նախարարությանը 2023թ. նախատեսում են հատկացնել 8 մլրդ 142 մլն դրամ։ 2022թ. գերատեսչությանը հատկացվել էր 8 մլրդ 353 մլն դրան այն դեպքում, երբ 2021թ. 7 մլրդ 213 մլն դրամ էր հատկացվել։

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում՝ նոյեմբերի 3-ին, Կոտայքի մարզում արձանագրել են սեւահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։ Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները, ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի եւ Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, հայտնաբերել են 16խմ սեւահող։ Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամի չափով, նաեւ ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 160.000 ՀՀ դրամ։ Խեւահողն առգրավվել եւ հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023թ. կշարունակի իրականացնել տարբեր տեսակի գյուղատնտեսական ծրագրեր։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 37 մլրդ 935 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ 2022թ. այդ նպատակների համար հատկացվել է 31 մլրդ 905 մլն դրամ։ «2021թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է 24 մլրդ 170 մլն դրամ»,- տեղեկացրել է Խաչատրյանը։

 

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ

Դիլիջան համայնքի բնակիչները պատմում են, որ զարմացած են համայնքապետարանի աշխատասենյակներում տիրող իրավիճակից։ Իրենց գործերով համայնքապետարանի շենք գնացածները պատմում են, որ աշխատանքային ժամերին համայնքապետարանի աշխատասենյակներից մեկում սուրճ են եփում, մյուսում՝ ճաշ, մեկ այլ սենյակում համայնքապետարանի աշխատող կինն  իր մազերն է ֆենում։ Բնակիչները պատմում են, որ ժամը 15-ից հետո դժվար է համայնքապետարանում պաշտոնյա «բռնեցնել», նրանք արդեն տուն գնացած են լինում։ Դիլիջանի բնակիչներն ասացին, որ համայնքապետարանի աշխատակազմի որոշ աշխատողներ, անփորձ լինելով, տեղյակ չեն իրենց ոլորտին վերաբերող իրավական ակտերից, այդ պատճառով իրենց աշխատանքում դժվարություններ են ունենում։ 2021 թվականի փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր եղբորորդի Սիփան Փաշինյանի ընկեր, միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, Դիլիջան քոլեջն ավարտած, ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Սարգսյանին։ Վերջինս 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու համամասնակական ընտրակարգով   ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվեց Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար։

 

 

 

 

ՏԱՆԻՔԸ ՆՈՐՈԳՎԵԼ Է

Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Սարիգյուղի մշակույթի կենտրոնի հսկա շենքը տարիներ շարունակ  կիսավեր վիճակում է: Այդ կենտրոնին ադրբեջանական ոչ մի արկ կամ գնդակ չի դիպել, սակայն շենքը տուժել է  անտերությունից, հոգածության պակասից։ 2009թ. դեկտեմբերից մինչեւ 2010թ. ապրիլ ամիսը Տավուշի մարզի սահմանագոտում  ավելացել էր անասնագողությունների թիվը, այդ հանցագործությունների հետքը տանում էր դեպի հարեւան Ադրբեջան։  Անասնագողությունների դեմ պայքարի նպատակով Սարիգյուղի մշակույթի տանը տեղակայվեց ՊՆ հատուկ նշանակության ջոկատը: Այդ ջոկատի անդամներն էլ  մշակույթի կենտրոնի  գույքը փչացրել են: Հատուկ նշանակության ջոկատի անդամները քանդել եւ որպես վառելիք են օգտագործել մշակույթի տան մանրահատակը, դռների մի մասը, դրանց եւ լուսամուտների չոր սյուները, փայտյա շրջանակները եւ այլն: Սարիգյուղ համայնքի ղեկավարը, գյուղի   բնակիչները այդ զինծառայողների եւ համագյուղացիների  ոտնձգություններից  չեն պաշտպանել համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի կենտրոնի շենքը: Մշակույթի տան հսկա շենքը վերանորոգելու համար ֆինանսական մեծ միջոցներ են պահանջվում։ Հարկ էր տեղումներից  պաշտպանել շենքը, որպեսզի այն հետագայում   ամբողջությամբ կամ մասամբ նորոգվի։ Իջեւան խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի նախաձեռնությամբ՝ համայնքապետարանի կողմից այժմ նորոգվել է Սարգյուղի մշակույթի տան տանիքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս