ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 132

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնում ոչ միայն ելույթ ունենալիս կամ հարցազրույց տալու ժամանակ, այլ նաեւ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով: Խոսքը հատկապես կարեւոր նշանակություն ունեցող հանդիպումներից հետո տարածվող տեղեկատվությունների մասին է: Օրինակ՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի երեկոյան՝ ԱԽ նիստից հետո, տեղեկություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցից հետո՝ երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները համեմատելիս, պարզվեց, որ Փաշինյանը Կրեմլի ռելիզից տարբերվող ռելիզ է տարածել: Օրինակ՝ հայկական կողմը մոռացել էր հիշատակել, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը հենց Փաշինյանինն է, ինչպես նաեւ մոռացել է ընդգծել, որ ձեռք է բերվել շփումները շարունակելու համաձայնություն: Փոխարենը հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ խոսվում է Փաշինյանի կողմից ադրբեջանցիների հարձակումը ագրեսիա որակելու եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հույժ կարեւորության մասին, ինչպես նաեւ վերահաստատվում է հայկական կողմի հավատարմությունը ստորագրած կապիտուլյացիոն ակտի կետերի նկատմամբ: Այսինքն՝ ստացվում է՝ նա ոչ միայն հարցազրույցներ տալիս եւ ելույթներ ունենալիս է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլեւ այդպես է անում աշխատակազմի միջոցով:
 

 

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի այստեղ նշանակած կադրերը պայքարում են նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի դեմ: «ՊՈԱԿ-ում, այսպես ասած, կադրերի ջարդ է. Սիմիդյանի կադրերը հանդուրժել չեն կարողանում Պետրոսյանի կադրերին: Նոր «իշխանավորները» հներից (իրականում, սակայն, իրենց իսկ թիմակիցներից) ուզում են ազատվել ու դա անում են բացահայտ, ակնառու ձեւով, ինչը նկատելի է մյուս աշխատակիցների համար նույնպես»,- ասաց թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ դրա ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նիստուկացին բավականին քաջատեղյակ մեր զրուցակիցը: Անտառային կոմիտեից որպես մեկնաբանություն մեզ ասացին, որ իրենց մոտ «արշալույսները շատ էլ խաղաղ են, լարված մթնոլորտ չկա»: Ի դեպ, նշենք, որ նույն քաղաքականությունը նաեւ նախկին նախարար Պետրոսյանն էր բանեցնում՝ փորձելով ազատվել իրենից առաջ նշանակված կադրերից: «Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Մարատ Ատոմյանից տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում:
 

 

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաեւ Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնդեցի տիկին Նաիրան է եղել այդ բնակչուհին, որ Ավինյանին հիշեցրել է, թե ինչպես էր վերջինս դեռեւս փոխվարչապետ եղած ժամանակ խոստանում զբաղվել Կոնդի վերաչափագրման ու վերակառուցման հարցերով, այնինչ արդեն 4 տարի սայլը տեղից չի շարժվում, եւ Կոնդի խնդիրները միայն ավելանում են: Միջադեպի մասով մենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեկնաբանություն խնդրեցինք: Պատասխանի փոխարեն՝ վերոնշյալ այցի մասին պատմող գեղեցիկ ու բարի ռեպորտաժ ուղարկեցին մեզ, որտեղ, բնականաբար, տիկնոջ ու Ավինյանի խոսակցությունը ոչ ամբողջական էր, մոնտաժված տարբերակով էր ներկայացված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Նաիրան նշեց, որ բավականին դժգոհ է այդ հանդիպումից, ապա շարունակեց. «Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, կառուցապատման ծրագիր կա, այսինքն՝ կառուցապատում պետք է լիներ, բայց երբ ժամանակը եկավ, որ պետք է ասեին՝ ով է հաղթողը, ու երկրորդ փուլին անցնեին, այդպես էլ տեղի չունեցավ: Նրա հանդիպումից հետո հասկացա, որ քաղաքապետարանը Կոնդի հետ կապված հարցերում որոշ մարդկանց հետ համագործակցում է, դրա համար էլ ամեն անգամ այսպես հետաձգվում է: Ես իր հետ խոսում էի, նայում էի աչքերի մեջ, նա լուռ լսում էր, բայց որեւէ կերպ չէր արձագանքում: Ինքն իր համար յոթերորդ երկնքում էր, ես էլ իր համար «աղքատի ռադիո» ասես լինեի»,- դժգոհեց Կոնդի խաբված բնակչուհին:

 

 

 

Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գրծունեության ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-13-ի հարձակումից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դեմ մի յուրօրինակ նախաձեռնությամբ: Նա, որ մշտապես բողքում է ԿԳՄՍ նախարար Դումանյանի գործունեությունից, նաեւ ստորագրահավաք է արել՝ շուրջ 20 պատգամավորների մասնակցությամբ, որպեսզի գործադիր մարմինը նախարարի պաշտոնազրկման գործընթաց սկսի: Երկրում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացն իր վերջնարդյունքին չի հասել: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը, մեր հարցադրումներին ի պատասխան, հակիրճ ասաց. «Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:




Լրահոս