ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս»,- այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենը իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝՝ ներառյալ երեխաներ, կանայք եւ ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչու՞, որովհետեւ Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։

Մասնավորապես՝ Ադրբեջանը՝

l Նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ

l Նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ

l Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ եւ միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով՝ իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում /Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ.-ն ստացել է հրազենային վիրավորում/, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսեւորում է եւ պարզապես ոտնահարում է Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի եւ Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը, եւ թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ եւ երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում։

 

 

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին եւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ-ի հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է շարունակական եւ գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝  Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել՝ այս տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների, ինչպես նաեւ բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաեւ օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում,  մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու  խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻՑ

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ դրան հետեւած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը եւ պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թ. պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է՝ ՀՀ պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 879 մլրդ դրամ, որը 2.1 %-ով պակաս է 2022թ. պետական բյուջեով կանխատեսվածից եւ 10.1 %-ով ավել է 2021 թ. փաստացի պարտքից: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 2 տրիլիոն 962 մլրդ դրամ, որը 7.2 %-ով պակաս է 2021թ. ցուցանիշից:

ՀՀ ներքին պետական պարտքը կկազմի 1 տրիլիոն 917 մլրդ դրամ. այն 28.4 %-ով ավել է 2022թ. հաստատվածից եւ 54.9 %-ով ավել է քան 2021թ. փաստացին էր:  ՀՀ պետական պարտքը ԱՄՆ դոլարով արտահայտված կկազմի 12 միլիարդ 55.8 մլն , որը 15.4 %-ով ավել է 2022թ. հաստատվածից եւ 30.7 %-ով ավել է 2021թ. փաստացիից:

ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 7 մլրդ 319 մլն ԱՄՆ դոլար, որը համապատասխանում է 2022թ. համար հաստատված մակարդակին եւ 10.1 %-ով ավել է քան 2021թ. փաստացին էր, ՀՀ ներքին պետական պարտք կկազմի 4 մլրդ 736.8 մլն ԱՄՆ դոլար՝ 51.5 %-ով ավել 2022թ. հաստատվածից եւ 83.8 %-ով ավել՝ 2021թ. փաստացիից: ՀՀ կառավարության պարտքը կկազմի 4 տրիլիոն 625.2 մլրդ դրամ, որը 11.8 %-ով պակաս է քան ծրագրվել էր, 2.4 %-ով պակաս է 2022թ. հաստատվածից եւ 9.9 %-ով ավել է 2021թ. փաստացիից:

Միեւնույն ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կկազմի 254 մլրդ դրամ, որը 3.7 %-ով ավել է քան կանխատեսվել էր 2022թ. համար եւ 15.5 %-ով ավել է 2021 թ. փաստացիից. դոլարային արտահայտությամբ այն կկազմի 10 մլրդ 595 մլն, որը 6.7 %-ով ավել է 2022թ. հաստատվածից եւ 20.8%-ով գերազանցում է 2021թ. փաստացիին:

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԱՆՆԿԱՏ ՀԵՌԱՑԱՆ

Խորհրդարանական ընդդիմադիրները ԱԺ դահլիճ մտան աննկատ ու նույնքան աննկատ էլ հեռացան։ Ինչպես ArmLur.am-ն այսօր տեղեկացրել էր, այսօր ընդդիմադիր երկու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կմասնակցեն այսօրվանից մեկնարկող ԱԺ նստաշրջանին։

Նկատում ենք, որ ընդդիմադիրները կրկին դահլիճում չեն։ ԱԺ ամբիոնին է մոտեցել ԲՏԱ փոխնախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինը՝ Ավետ Պողոսյանը, այնուհետեւ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն ընդդիմադիրներից որեւէ մեկը ներկա չէր քննարկմանը։

Դրանից առաջ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էր ԱԺ ամբիոնից ներկայացնում զինծառայողներին առնչվող նախագիծ, սակայն ընդդիմությունը կրկին ներկա չէր։

Ասել է թե՝ ընդդիմադիրները ներս մտան, գրանցվեցին, իշխանության ներկայացրած խորհրդարանական օրակարգին դեմ քվեարկեցին եւ դուրս եկան։

 




Լրահոս