ՎՃԱՐՎԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ԱՆԿԱՆԽԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ՝ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ՝ կենսաթոշակների, նպաստների ու պետության կողմից վճարվող այլ գումարների համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու հնարավորության դադարեցման անհրաժեշտությամբ: Սոցիալական էլեկտրոնային փողերին վերաբերող կանխիկացման բացառությունները գործելու են մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

2021 թ. հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Փոխնախարարի խոսքով՝ նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ՝ հրատապ օգնության գումարների համար:

«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող այս փոփոխությունները քննարկվել են ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում:

Դավիթ Խաչատրյանը պարզաբանել է, որ ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ կարող է վճարել մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

Փոխնախարարն անդրադարձել է պատգամավոր Զարուհի Բաթոյանի` նոր կարգավորումների գործարկման դեպքում հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման հարցին: Ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում հունվարի մեկից նման խնդիր չի լինելու:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան` Դավիթ Խաչատրյանը տեղեկություններ է փոխանցել անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրի վերաբերյալ:  Նրա համոզմամբ՝ առաջին ամսից դրական դինամիկա է արձանագրվել, հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով շուրջ 1.8 մլրդի է հասել: «Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023թ. գոնե վեց ամսով»,- ասել է նա:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ, ցավոք, ոչ բոլոր բանկերն են միացել ծրագրին, հետեւաբար՝ ոչ բոլոր կենսաթոշակառուներն են օգտվում այդ հնարավորությունից: Նա կարեւորել է այն փաստը, որ հետվճարի 50 տոկոսը պետությունն է վճարում, մյուս 50 տոկոսը` բանկերը: Ըստ պատգամավորի` սա պետության եւ բանկային համակարգի համատեղ աշխատանքի արդյունքն է` ի շահ քաղաքացիների:

Ծրագրին միացել են «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը», «ԱԿԲԱ» բանկը եւ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որոնք ծածկում են դաշտի 60 տոկոսից ավելին: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389.000 շահառու, այսօր 415.000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին: Գնահատվել է ծրագրին միացած բանկերի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հրատապ օգնության տրամադրման հնարավորություններին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է պատգամավոր Գայանե Եղիազարյանը:

 

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների եւ նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով: Քննարկվելու են ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանն ուղղված ծրագրերը եւ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2021-2022 թվականի արդյունքները: Այցի շրջանակում նաեւ ամփոփվելու են ՀՀ մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումները: Եվրոպական կողմը կներկայացնի եվրոպական հետազոտական տարածքի նոր քաղաքականությունը եւ ԵՀ կողմից մշակված «Հետազոտությունների եւ նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները: Կքննարկվեն նաեւ ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը եւ ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքը:

Հետազոտությունների եւ նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների եւ նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագրի շրջանակում: Հայաստանյան կողմից կոմիտեն համանախագահում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Եվրոպական կողմից կոմիտեի համանախագահը ԵՀ հետազոտությունների եւ նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսին է:

 

 

 

ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԵՐ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի եւ ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ: Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաեւ հիվանդանոցի առաջին օգնության հատվածը: Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք: Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման եւ օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ:

 

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ

Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2022թ.-ի ընթացքում պետական բյուջեից ընդհանուր առմամբ  կստանան 88 միլիոն 92 հազար 700 դրամ պարգեւավճար։ Մարզի հանրակրթական բազում դպրոցների շենքեր վատթար վիճակում են, վերանորոգման խիստ կարիք ունեն, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում դրանք նորոգելու համար։ Դպրոցների շենքերը նորոգելու համար պետբյուջեում փող չկա, իսկ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների պարգեւատրման համար պետբյուջեում փող լիուլի կա։  Տավուշի մարզպետարանի պաշտոնյան, ով խնդրեց իր անունը չհրապարակել, հայտնեց, որ նախկին իշխանության օրոք մարզպետարանի աշխատակազմը պարգեւատրվում էր տարեկան մի քանի անգամ անգամ, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք մարզպետարանում  պարգեւատրումները կանոնավոր բնույթ են կրում։ Հայտնի չէ, թե ինչ դրական արդյունքների համար են պարգեւատրվում մարզպետն ու իր ենթակա պաշտոնյաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021 թվականի ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Մարզպետ Ղալումյանը   չի հրապարակում, թաքցնում է՝ իրեն եւ մարզպետարանի մյուս պաշտոնյաներին պարգեւատրելու մասին իր որոշումները. դրանք  նախկին  տարիների  նման  չեն զետեղվում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։ Մարզպետ Հ. Ղալումյանի օրոք քաղաքացիների հետ շփումները կրճատելու համար մարզպետարանի շենքի առաջին հարկում մետաղական արգելափակոց է տեղադրվել, մարզխորհրդի նիստերը ձեւական բնույթ են կրում, դրանք նշանակում են ժամը 17-ին եւ օրակարգի 5-6 հարցերի քննարկման, որոշումների ընդունման համար աշխատանքային օրում մնում է ընդամենը մեկ ժամ։

 

 

 

ԴՊՐՈՑԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ

2012թ. սեպտեմբերի 1-ից Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի առջեւ հառնում է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ 1960թ-ին վաստակավոր ուսուցչի կոչմանը արժանացած, այդ դպրոցի երկարամյա տնօրեն Մկրտիչ Մարտիրոսյանի կիսանդրին: 2012թ. սեպտեմբերի 29-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումը, որին ներկա չէր Գ. Մարտիրոսյանը: Արձանի բացման արարողության ժամանակ ընթերցվեց Գ. Մարտիրոսյանի հեռագիրը, որտեղ նա շնորհակալություն էր հայտնում իր պապի վաստակի նկատմամբ ցուցաբերած գնահատականի համար: Գ. Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի աստղերից է. հարուստ մարդ է։ Արձանի բացումից 10 տարի է անցել։ Գ. Մարտիրոսյանը Իջեւան այցելությունների ժամանակ, երբ այցելում է իր պապի հուշարձանին, չի մտնում պապի անունը կրող Իջեւանի թիվ 5 դպրոցի տարածք, ուսուցչանոց, որպեսզի հետաքրքրվի, թե այդ մեծ դպրոցը չլուծված ի՞նչ խնդիրներ ունի, եւ ինքը ինչով կարող է օգնել այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այդ մասին  հայտնեցին Իջեւանի N 5 դպրոցից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս