Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 158 աշխատակիցներ սեպտեմբեր ամսից պահանջում էին վերանայել իրենց աշխատավարձերը` հակառակ դեպքում սպառնալով թողնել աշխատանքը: Իսկ նախօրեին արդեն այդ վճռական քայլին էին որոշել դիմել մոտ 500 աշխատակիցներ: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, ի վերջո, ստիպված է եղել գնալ զիջումների` ՀԱԷԿ-ի անձնակազմի աշխատավարձերը բարձրացնելով, թեեւ ընդամենը 10 տոկոսով:
Նշենք, որ ՀԱԷԿ-ն ունի մոտ 1800 աշխատակից, որոնց աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտությունից եւ կատարած աշխատանքից: Աշխատանքից ազատման դիմում ներկայացրածները հիմնականում ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանի աշխատակիցները պնդում են, որ իրենք աշխատում են ճառագայթման մեծ վտանգի տակ եւ կատարում են կարեւոր ու վտանգավոր աշխատանք, որի համար, սակայն, համապատասխան վճար չեն ստանում:
Ի սկզբանե, հայրենի կառավարությունը որոշել էր, որ ոչ մի ձեւով չի արձագանքելու այդ բողոքներին եւ ամեն ինչ թողնելու է այնպես, ինչպես կա, իսկ դժգոհողները կարող են հեռանալ աշխատանքից: Անգամ նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, թե ինքը կապահովի ՀԱԷԿ-ի մասնագետների հարցը` նրանց դրսից հրավիրելով:
Սակայն միգուցե հասկանալով, որ արտերկրից մասնագետներ հրավիրելն ավելի թանկ է նստելու երկրի վրա, երեկ որոշվեց ատոմակայանի աշխատակիցների պահանջները մասամբ բավարարել: Մի քանի ժամ տեւած խորհրդակցությունից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որոշեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը: Մեր տեղեկություններով` ՀՀ պետբյուջեից այս խնդրի լուծման համար կտրամադրվի 10 մլն. դրամ:
Երեկ «Ժողովուրդ»-ն ամբողջ օրվա ընթացքում փորձեց զրուցել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Վերջինս խոստացավ զրուցել խորհրդակցությունից հետո, սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա ՀԷՑ-ին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` մոտ մեկ շաբաթից:
Ի դեպ, աշխատակիցները հետ են վերցրել աշխատանքից ազատման իրենց դիմումները:
Հ.Գ. ՉԻ բացառվում, որ կառավարության երեկվա որոշումը ոչ թե «ինքնաբուխ» էր, այլ թելադրված դրսից: Հետաքրքիր զուգադիպությամբ երեկ Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակելու հաստատակամության մասին բարձրաձայնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` նշելով, որ թեեւ դա թանկ ծրագիր է, սակայն Ռուսաստանը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմամբ: Սա բավական ուշագրավ հայտարարություն է` հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մինչ այդ հայտարարել էր, թե այլեւս հետաքրքրված չէ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմամբ: Մինչդեռ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիան լրջորեն հետաքրքրված է Հայաստանում ատոմային ծրագրերի իրականացմամբ, Ռուսաստանը կտրուկ փոխեց դիրքորոշումը: Ամեն դեպքում, կարծում ենք, առաջիկայում ԱԷԿ-ի շուրջ նոր հետաքրքիր զարգացումներ կլինեն:
ՀԱԷԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ