ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ հարցաքննվել են Պեմզաշենի ոճրագործության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի ընտանիքի անդամները, որոնք իրավապահներին հայտնել են, որ շոկի մեջ են: Ավելին՝ Արկադի Բարսեղյանը պնդում է, որ ինքը կապ չունի դեպքի հետ եւ այդ օրը այլ վայրում է եղել:

 

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթով հարցաքննվել են նաեւ Արկադի Բարսեղյանի ընկերները, որոնք իրավապահներին ասել են, թե իբր նա դեպքի օրը՝ այդ ժամին, եղել է իրենց հետ: Նկատենք, ոստիկանությունը հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը եւ Արկադի Բարսեղյանը Զարինե Մելիքսեթյանի տուն են գնացել Արկադի Բարսեղյանի մեքենայով, ավելին՝ Արկադի Բարսեղյանի տանը հայտնաբերվել են արնանման հետքեր:

Իսկ Արկադի Բարսեղյանը պնդում է, որ Վրույրը ստում է, եւ ինքը դեպքի հետ կապ չունի: Իսկ ինչու պետք է Վրույր Բարսեղյանը ցանկանար վատություն անել Արկադի Բարսեղյանին. ըստ մեզ հասած լուրերի՝ Արկադի Բարսեղյանը Վրույրին արգելել է իր տուն գնալ, ինչն էլ դարձել է թշնամության պատճառ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է եղելությունը:

Հիշեցնենք, որ նախորեին ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքից:

«2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտները բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՛ աշխատավայրում, թե՛ դպրոցում։

«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար իր ուշանալն արտառոց էր։ 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը եւս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց նրա ամենամոտ հարեւանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաեւ այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։

«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին՝ գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի տանը, հարեւանի տանը կամ գուցե մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակված էր, ճղեցի, դուռը բացվեց, կահույքը հրեցի ու ներս մտա։ Ներս մտնելուն պես՝ տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարեւանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։

Քանի որ տան դուռը կողպված էր, հարեւանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո՝ գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն եւ ոստիկանություն էին զանգել»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՎՈՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ

Նոյեմբերի 15-ին Ավանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Խուդյակովի փողոցում գործող «Յուքոմ» գրասենյակ էր մտել մի տղամարդ` գործարք կատարելու: Երեկոյան՝ ժամը մոտավորապես յոթն էր, եւ գրասենյակի աշխատակիցները նրան հայտնեցին, որ արդեն փակվել են, չեն կարող քաղաքացուն սպասարկել: Կարճատեւ վեճից հետո տղամարդը դուրս էր եկել, ապա վերադառնալով՝ փորձել էր կոտրել գրասենյակի ապակիները, դանակով սպառնացել էր աշխատակիցներին, թույլ չէր տվել, որ գրասենյակից դուրս գան: Այսպիսի բովանդակությամբ ահազանգ ստացան Ավանի ոստիկանները. ահազանգողը տեսարանին ականատես քաղաքացի էր:

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն արագ մեկնեցին դեպքի վայր, որտեղ արդեն դանակավորը վնասազերծվել էր. անցորդներից մեկը` քրեակատարողական ծառայության աշխատակից, նկատելով գրասենյակում տեղի ունեցող վեճը, մտել էր ներս եւ վնասազերծել տղամարդուն՝ խլելով դանակը:

Ժամը 19:35-ին հենց հանցագործության վայրում ձերբակալվեց եւ ոստիկանության Ավանի բաժանմունք տեղափոխվեց մայրաքաղաքի Երզնկյան փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը: Պարզվեց, որ նա հասցրել էր ցուցափեղկի վրայից հափշտակել բջջային երկու հեռախոս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:

Կազմված արձանագրությունները ներկայացվել են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով:

 

 

 

ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցուն ուղարկել են Շիրակի մարզային քննչական վարչություն. վարչություն են ուղարկվել նաեւ դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը:

 

 

ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:47-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 2 մ ) եւ հայտնվել ձորակում։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ Ա. Ս.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1956 թ.) եւ Ա. Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված 2013 թ.), Ռ. Ս.-ն (ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն (ծնված 2019 թ.)՝ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

 

 

 

«ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ»՝ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս ճիշտ չի գնահատել առերեւույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաեւ, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս դատախազը հանգել է սխալ հետեւության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում:Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից:

 

ԿՐԱԿ Է

ԱՐՁԱԿՎԵԼ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն հարցով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Վնասվել է տրակտորի անվաթեւը եւ անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։




Լրահոս