ՄԻ ՓՈՔՐ ԱՍՖԱԼՏ ԿԱ, ԱՅՆ ԷԼ ՔԱՆԴՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2005թ. Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի 10 հազար դոլար նվիրատվությամբ Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցում ասֆալտապատում արվեց: Սակայն քաղաքի խմելու ջրագծի մաշված ներքին ցանցի եւ նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հուշաղբյուրից ջրի արտահոսքի պատճառով ասֆալտի այդ շերտը վնասվում է: Անցյալ տարի Նոյեմբերյանի քաղաքապետարանը համայնքի  բյուջեի շուրջ 4 միլիոն դրամով Կամոյի փողոցում ասֆալտապատում կատարեց: Սակայն այստեղ էլ «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասն ասֆալտապատ ճանապարհի մի մասը քանդել է, որպեսզի վերացնի ջրմուղկոյուղու ներքին ցանցում առաջացած վթարը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ ինքը դիմել է «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի ընթացքում ասֆալտի շերտը չվնասեն: Ներկայումս սահմանամերձ քաղաքի փողոցները  մեծամասամբ վատթար վիճակում են, փոսերով լի: Բացի կենտրոնով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից, Նոյեմբերյանում ընդամենը 2 փոքր հատված է ասֆալտապատ, այն էլ ջրի արտահոսքից աստիճանաբար քանդվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս