ԴԵՊՔԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն Կենտրոն վարչական շրջանում առեւտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի եւ Ս. Հ.-ի օգտին ապօրինի անգործության, այն է՝ նրանց կողմից իրականացվող գործունեության հետ կապված իրավախախտումները չարձանագրելու եւ նրանց պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան գործողություն չկատարելու համար հիշյալ անձանցից պահանջել եւ ստացել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

 

Մասնավորապես՝ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու հանգամանքը չարձանագրելու եւ պատասխանատվության չենթարկելու համար Է. Վ.-ն Ս. Հ.-ից, Հ. Հ.-ից եւ Լ. Մ.-ից որպես կաշառք պահանջել եւ բուքմեյքերական ընկերության` իր կողմից օգտագործվող խաղային հաշվին փոխանցման միջոցով 2022 թվականի հունիսից օգոստոսը ներառյալ պարբերաբար ստացել է 10.000-25.000-ական ՀՀ դրամ կաշառք /ընդհանուր` 135.000 ՀՀ դրամ/:

Բացի այդ, Երեւանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնելը չարձանագրելու համար Է. Վ.-ն Ա. Ս.-ից որպես կաշառք յուրաքանչյուր ամիս պահանջել է 1.200 ԱՄՆ դոլար գումար: Արդեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Ս.-ն Է. Վ.-ին առձեռն փոխանցել է խոշոր չափերի` ընդհանուր 2.356.514 ՀՀ դրամին համարժեք 5.800 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Լ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Ս.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, Վ. Հ.-ին եւ Ս. Հ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ՈՉ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ

Երեկ լրացավ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու միջադեպի երկրորդ ամիսը, սակայն մինչ օրս միջադեպով որեւէ մեկը պատասխանատավության չի ենթարկվել:

Նշենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը: Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:

Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ, ու այդ մասին վկայում է շուրջ երկու ամիս տեւող քննությունը, որի արդյունքում մինչ օրս չկա մեղադրյալ:

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ

ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2021 թվականին կայացված տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի թիվ 34 ընտրատարածքում կեղծվել են։

Այսպես՝ մի կողմից նշված տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը անվավեր է ճանաչել քվեաթերթիկներում կատարված նշումները, մյուս կողմից՝ վավեր է ճանաչել նույն նշումներով քվեաթերթիկներում կատարված նշումները՝ հօգուտ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության եւ «Ապրելու երկիր» կուսակցության, ինչն էլ ընտրված ճանաչվելու իրավունքից զրկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված՝ համապատասխան ձայներ հավաքած թեկնածուներից մեկին։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է  ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սահակյանի գործը որոշվել է տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան։

Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաեւ քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ: Ի դեպ, վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ: Այս գործով նախաքնությունը ավարտվել է, եւ գործը 2020 թվականին ուղարկվել է դատարան եւ երկու տարի քննություն էր իրականացվում, եւ հիմա որոշվել է այն ուղարկել Նոր ստեղծված Հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Տիգրան Սահակյանը, խնդրանքով դիմել է դատարան:

Տիգրան Սահակյանը դատավոր Հարություն Մանուկյանին հայտնել է, որ իր գույքը շուրջ տասն ամիս է՝ գտնվում կալանքի տակ, եւ ինքը, զրկված լինելով այն օգտագործելու հնարավորությունից, միաժամանակ կատարում է այդ գույքի պահպանման համար անհրաժեշտ կոմունալ վճարումները, ինչպես նաեւ վճարում է գույքահարկ: Ավելին՝ Սահակյանը հայտնել է, որ ինքն այժմ չի աշխատում, ինչպես նաեւ չի կարողանում մեկնել արտասահման, ուստի, այդ գույքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրել է թույլատրել այն հանձնել վարձակալության:

Դատախազը, առարկելով գույքի վրա դրված կալանքը վերացնելու դեմ, նշեց, որ նախաքննության ընթացքում՝ մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է եւ օրինական:

Ինչեւէ, դատավոր Մանուկյանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել եւ մասնակի բավարարել է Գալուստ Սահակյանի որդու խնդրանքը:

Մասնավորապես՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ՝ դատավոր Հարություն Մանուկյանը որոշել է թույլատրել Տիգրան Գալուստի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնել վարձակալական հիմունքներով, իսկ կալանքը վերացնելու մասով միջնորդության քննությունը հետաձգել եւ դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս