ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՐԴՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պահանջում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչեւ նույն թվականի օգոստոսի 20-ը եւ 2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 (քսանհինգ) օր ժամկետով կայացված դատավճիռը՝ ամբաստանյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:

 

Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գործով դատարանը որոշում է կայացրել:

Ինչպես հայտնի է՝ 2021 թվականին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որից հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել եւ կալանավորել էին: Գործն ուղարկվել էր դատարան: Եվ ահա Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս գործով որոշում է կայացրել եւ արդյունքում որոշել է.

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչեւ նույն թվականի օգոստոսի 20-ը եւ 2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 (քսանհինգ) օր ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2022 թվականի մայիսի 31-ից:

Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Սպարտակ Վարդանի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում»:

Նախկին քաղաքապետի որդին ազատության մեջ է, որը մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ վերջինիս պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ակնհայտ անհիմն որոշում է եւ այն ենթակա է բեկանման: Իրենք դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան արդարացման հիմքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՈՐԴԵԳՐՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան:

 

Այս տարվա հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին եւ միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երեւանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, բժշկին եւ թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։ Նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երեւան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեւ եւ, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին եւ տեղափոխեւ տեսագրությունում երեւացող անձանցից երկուսին, որոնցից մեկը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Երեւանի։ Երկուսն էլ՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Զննությամբ մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։

Բերման ենթարկվածները ներկայացվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել եւ նախաքննական մարմնին են ներկայացրել նաեւ միջադեպի մյուս մասնակիցներին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ

Երեւանում նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։ Տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։

Պարեկները սահմանազատել են տարածքը։  Լրացուցիչ ժամանել է ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ, 43-ամյա Գ. Ա-ին եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունը տեղում պարզել է նաեւ, որ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել, կինը հերքել է այդ փաստը:

 

 




Լրահոս