ԳՆԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.1%:

 

2022թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: 2022թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ-ում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում, մինչդեռ թռչնամսի ու գառան մսի՝ համապատասխանաբար 2.2% եւ 5.1% գնաճ:

Անդրադառնալով ոչ պարենային ապրանքների գներին՝ նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Հատկանշական է, որ 2022թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ-ում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 2.5% եւ 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է բենզինի 3.3% գնանկում, իսկ դիզելային վառելիքի՝ 23.9% գնաճ:

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ավելի քան 7%-ով ավելացել են նաեւ ծառայությունների գները, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) կազմել է 8.7%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողական գների ինդեքսն ավելացել է 13.4%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկրներում սպառողական գներն ավելացել են հետեւյալ կերպ՝

Հայաստանում՝ 9.5%,

Ռուսաստանում ՝ 12.6%,

Բելառուսում՝ 15.2%,

Ղրղզստանում՝ 15.4%,

Ղազախստանում՝ 18.8%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների աճ է գրանցվել տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում՝ 85.4%, Վրաստանում՝ 10.6%, Ադրբեջանում՝ 15.6%: Նկատելի է, որ, ԵԱՏՄ եւ տարածաշրջանի երկրների համեմատ, Հայաստանում գնաճն ամենացածրն է (2022թ. հոկտեմբերին, 2021թ.-ի հոկտեմբերի համեմատ, գնաճը կազմել էր 9.5%):

Օրերս Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել էր 2023թ. համար ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ ակնկալվում է, որ 2023թ. տարեվերջին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը կարձանագրվի Հայաստանում՝ 4.6 %-ի սահմաններում։

ԵԱԶԲ անդամ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2023 թ.




Լրահոս