ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 150

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր, թե այն ուժերը, որոնք 1998 թվականին իշխանությունից հեռացրին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ, Փաշինյանի ձեւակերպմամբ, «հիպերփուլային» լուծման տարբերակ։ «Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին», – նշել էր նա: Բացի այդ, ըստ նրա՝ այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, եւ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։ Այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձավ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ստախոսության համար: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի եւ մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է եւ փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս»,- հայտարարել է նախկին նախագահը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչեւ հիմա չի հասկացել փուլային եւ փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան», – շեշտել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է արցախյան հարցի բանակցային թեման եւ մշտապես մեղադրում նախկիններին դրանք տապալելու կամ ձախողելու համար:

 

 

 

Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Իհարկե, նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, որ չարաշահել է զբաղեցրած պաշտոնը: Ուշագրավն այստեղ այն է, որ սեւ ու սպիտակի բաժանում արած իշխանությունը, փաստորեն, տարիներ առաջ կեղծ վիզա տրամադրելու համար կաշառք վերցրած անձին նոր, առավել բարձր պաշտոն է տվել: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը եւ մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին եւ կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում»  ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, եւ, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել: Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլեւս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաեւ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, եւ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերեւս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջեւ եւ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել եւ տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել եւ այն դատարան ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել եւ արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել եւ ավարտել:




Լրահոս