Դեկտեմների 10-ին եւ 11-ին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի տոմսերն այս տարի վաճառվել են կայծակնային արագությամբ, արժեքն էլ 3 հազարից 20 հազար եւ 5 հազարից 30 հազար դրամ է եղել: Այս հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ եղել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք չեն կարողացել տոմսեր գնել:
Այնպիսի տպավորություն է, որ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները, Հանրային հեռուստաընկերությունից սկսած մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, հատուկ կազմակերպված են գործել, որպեսզի տոմսերը ստվերային ձեւով վաճառեն կամ լավության կարգով նվիրեն իրենց ցանկալի մարդկանց:
ArmLur.am-ի խմբագրություն եւս քաղաքացիներ են ահազանգել՝ հայտնելով, թե մի քանի անգամ tomsarkgh.am կայքով փորձել եւ չեն կարողացել գնել անգամ մեկ տոմս, քանի որ եղել են տեխնիկական խափանումներ: «Հենց կայքը բացվեց, ես փորձեցի գնել, չկարողացա… Հետո կայքը խափանվեց, ու վերջում գրվեց՝ սպառված են տոմսերը»,- պատմեց մեր զրուցակից քաղաքացին:
Ինչպես արդեն նշեցինք, Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքն իրականացրել է tomsarkgh.am կայքի միջոցով եւ փաստացի տապալել այն: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է տոմսերի վաճառքը բացառապես իրացրել միայն մեկ ընկերություն: Ինչո՞ւ կառավարությունը այնպես չի հաշվարկել, որ ողջ ծանրաբեռնվածությունը չընկնի միայն մեկ ընկերության վրա, որի արդյունքում էլ ունեցանք դժգոհ քաղաքացիների հոծ բազմություն ու տոմսերի վաճառքի տապալում:
ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչու չեն կարողացել տոմսերի վաճառքը պատշաճ իրականացնել, որպեսզի տոմսեր գնել ցանկացող քաղաքացիները նման խնդրի առջեւ չկանգնեին: Կայքի աշխատակիցը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Տոմսերը հիմա սպառվել են: Երկրորդ փուլի վաճառքը եղել է կիրակի երեկոյան եւ այդ օրն էլ սպառվել է: Կայքը խափանվել է, քանի որ շատ մեծ է եղել հոսքը, բայց մարդիկ կան, որոնց մոտ ստացվել է գնել տոմսը: Միաժամանակ այդքան մարդ որ այդ կայքում լինի, այն կխափանվի», -նկատեց նա:
Աշխատակիցը նշեց, թե հաշվի առել էին այդ հանգամանքը, բայց խափանումից խուսափել չի հաջողվել: Ամեն դեպքում, աշխատակիցը չտրամադրեց նաեւ տեղեկատվություն, թե մինչեւ օրս երկու օրերի համար որքան տոմս է վաճառվել: Այս տեղեկությունը պաշտպանվում է ռազմական գաղտնիքի նման:
Բայց որքան էլ այժմ փորձում են արդարացումներ գտնել եւ մեղքը բարդում են տեխնիկական խնդիրների վրա, այնոամենայնիվ, փաստ է, որ Հանրային հեռուստաընկերությունը եւ tomsarkgh.am-ը համատեղ չեն կարողացել պատշաճ եւ անխափան կազմակերպել տոմսերի վաճառքի գործընթացը, որպեսզի ոչ ոք փաստի առջեւ չկանգներ, եւ մրցույթին որպես հանդիսատես մասնակցել ցանկացողներն իսկապես կարողանային գնել այն եւ ներկա գտնվել:
Հավելենք, որ հենց տոմսեր գնելու էջում օգտատերերը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են թողել եւ նշել, թե տոմսեր գնել չեն կարողացել: Անգամ տեղեկություններ են շրջանառվում, թե կան մարդիկ, որոնք մեծ թվով տոմսեր են գնել զարտուղի ճանապարհով, որպեսզի դրանք հետագայում կրկնակի գնով վաճառեն ուրիշներին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին:
Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության եւ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:
«Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության եւ մշակութային ժառանգության պահպանությանը եւ առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարեւորագույն գործոնի՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը եւ տարածմանը: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրին 2015 թվականին եւ այս պահին ներառված է «Գինու» (Iter Vitis) եւ «Իմպրեսիոնիզմի» ուղիներում:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թողարկվել է Bethesda Game Studios-ի բավականին հին, բայց գեյմերների շրջանում դեռեւս շատ տարածված խաղի՝ The Elder Scrolls V: Skyrim-ի հավակնոտ մոդիֆիկացիան՝ Warden of the Coast-ը, որը խաղացողներին առաջարկում է նոր՝ ոչ գծային պատմություն եւ Mass Effect-ի եւ Dragon Age-ի ոճով ուղեկիցներ։
Ինչպես տեղեկացնում է PC Gamer պորտալը, նոր ռեժիմով առաջարկվող սյուժեի շնորհիվ խաղում կավելանա 10-15 խաղային ժամ։ Այն նաեւ առաջարկում է բազմաթիվ նոր վայրեր եւ լիարժեք ձայնային հնչյունավորում. 27 դերասաններ դրա համար 9000 տող երկխոսության են կարդացել:
Նոր տարբերակում ավելացել են նաեւ ինը ուղեկիցներ, որոնցից յոթի հետ խաղացողները կարող են սիրավեպ ունենալ, ինչպես վերը նշված Mass Effect-ում եւ Dragon Age-ում։ Ավելին, այս տարբերակի հեղինակը նախատեսում է խաղում ներդնել ընտրված կերպարի հետ խաղի վերջում ամուսնանալու հնարավորություն: Յուրաքանչյուր ուղեկից ունի իր հավատարմության առաքելությունը, ավելին՝ նրանց վերաբերմունքը խաղացողի կերպարի նկատմամբ կախված կլինի նրա կայացրած որոշումներից ու գործողություններից։
Ըստ Warden of the Coast-ի սյուժեի՝ խաղացողը կգնա հեռավոր կղզի, որտեղ պետք է փակի Օբլիվիոնի դարպասները եւ կանգնեցնի Դեդրիկների արքայազնին: Քանի որ խաղի այս ռեժիմի սյուժեն ոչ գծային է, ավարտը նույնպես մեկը չէ. կախված իր սեփական որոշումներից՝ խաղացողին սպասվում է հինգ հնարավոր վերջաբան։
Warden of the Coast-ը նախատեսված է 5-50 մակարդակի կերպարների համար։
ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Շվեյցարիայի թիմին 6:1 հաշվով հաղթելուց հետո Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը անդրադարձել է մեկնարկային կազմում 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը։ Նա 73-րդ րոպեին փոխարինել էր Ֆելիշին։
«Մեր հաջող կամ անհաջող խաղը կախված չէ Ռոնալդուից։ Լինում են հաջող խաղեր, երբ ամեն ինչ ստացվում է, լինում են նաեւ անհաջող խաղեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց այդ ամենը կախված չէ միայն Ռոնալդուի ներկայությունից կամ բացակայությունից խաղադաշտում»,- ասել է Ֆելիշը:
Պորտուգալիան երրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնությունների քառորդ եզրափակչում։ Մրցակիցը կլինի Մարոկկոն, որն առաջին անգամ է դուրս եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով Իսպանիային։