Արդեն երեք տարի է, ինչ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման քրեական գործը, եւ ինչպես նկատում ենք, գործով նիստերը չեն կայանում, քանի որ դատախազ Վ. Սարգսյանը տեղեկացրել է, որ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ նշված դատական նիստին այլ դատախազ չի ներկայացել, ինչպես նաեւ պաշտպանը առողջական խնդիր ունի եւ չի ներկայացել, իսկ, ահա, վերջին նիստը չի կայացել, քանի որ հարձակման գործով կալանավորված անձանցից մեկը առողջական խնդիր ունի: Դատարան դիմում է ներկայացրել «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Վարդաշենի բժշկական ստորաբաժանումից ստացվել է տեղեկանք այն մասին, որ Մ. Մկրտչյանը ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել դատական նիստին:
Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Նկատենք, որ իրավապահներին չի հաջողվել գործը մինչեւ վերջ բացահայտել. դեռեւս հայտնի չէ անձը, ում մեքենայով ավազակային հարձակման համար մեղադրվողները գնացել են Մկրտումյանի՝ Ձորաղբյուր գյուղի տուն:
Ըստ մեղադրական եզրակացության` Գագիկ Դանոյանը նախնական համաձայնության է եկել ընկերոջ` Հովհաննես Ռիժենկոյի, դստեր ամուսնու` Մայիս Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ:
2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նրանք BMW X5 մակնիշի մեքենայով գնացել են Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը դիմակներով մտել են Մկրտումյանի տուն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Հայր ու որդի Մկրտումյանները տեսանկարահանող սարքերի միջոցով տեսել են տուն մտնող անձանց եւ դուրս են եկել բակ:
Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը հարձակում են գործել Մկրտումյանների վրա. Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է Արման եւ Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն Գոռ Մկրտումյանը գազային ատրճանակից կրակել է Հովհաննես Ռիժենկոյին դեմքին, ինչից հետո Արման եւ Գոռ Մկրտումյանների եւ Հովհաննես Ռիժենկոյի միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Ի վերջո, Արման եւ Գոռ Մկրտումյաններին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին եւ վերցնել նրա ձեռքից ինքնաձիգը, ինչը տեսնելով` Գագիկ Դոնոյանը եւ Մայիս Մկրտչյանը փախել են իրենց սպասող BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, իսկ Ռիժենկոյին Մկրտումյանները հանձնել են իրավապահենրին: Հայտնաբերված երեք անձինք կալանավորված են, բայց, փաստորեն, այս գործով եւս մեկը դեռ չի հայտնաբերվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակչուհուն ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ 2022թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քննությամբ պարզվել է, որ 25-ամյա կինը շուրջ երեք տարի փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Սեւան քաղաքի 27-ամյա բնակչի հետ: Վերջինս, համատեղ կյանքի ընթացքում կնոջ արժանապատվության եւ հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունք դրսեւորելով, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, նրա եւ մերձավորների հասցեին հայհոյանքներ հնչեցրել:
2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել: Տղամարդու կողմից պարբերաբար դրսեւորված դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, անկարող լինելով տանել առկա վիճակը՝ հետագայում նորից իր նկատմամբ ամուսնու կողմից նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային, նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված եւ ինքնասպանություն գործելու նպատակով այնտեղ կառուցված հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած է նետել եւ ստացել մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ 27-ամյա տղամարդու կողմից 25-ամյա կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, վերջինիս մերձավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու ժամանակ, գիտակցելով, որ որդու գործողությունները ֆիզիկական եւ հոգեկան տառապանք են պատճառում 25-ամյա կնոջը, որդուն սաստելու փոխարեն, մայրը նորմալ է ընդունել այդ հանգամանքը՝ ողջունելով որդու կողմից բռնության գործադրումը, այդպիսով դրսեւորել դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 27-ամյա տղամարդուն եւ նրա մորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է:
ՔՆՆԻՉԸ ՊԱՐՏՎԵՑ
ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ ՔԿ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ քննչական կոմիտեին:
Ինչպես հայտնի է, անցած տարի աշխատանքից ազատվել էր ՀՀ ՔԿ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը: Վերջինիս ազատել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իշխանությունների դեմ արտահայտված անձանց գրառումները կիսվելու համար: ՀՀ ՔԿ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանի ազատման գործով զարգացումներ են տեղի ունենում:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը տեղեկություններ ունի, թե քննիչների գործողությունները մոնիթորինգի են ենթարկում, ասել է թե՝ ուրվականներ են փնտրում, որ «քննիչ Անդոյի» ճակատագրին արժանացնեն:
Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է քննիչը հայցը: Ի դեպ, քննիչը պայմանագրային զինծառայող է դարձել եւ ծառայում է բանակում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Յանդեքս Տաքսի ԷյԷմ» եւ «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ, անբարեխիղճ մրցակցության առերեւույթ հատկանիշներով, հարուցվել է վարույթ:
Մասնավորապես՝ հանձնաժողովը հաշվի է առել, որ
– https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում,
– https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ եւ ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում,
– Yandex Eats: food delivery եւ «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, որն է պրոմո կոդը, ինչպես նաեւ տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում,
– Yandex Eats: food delivery եւ «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչեւ բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։