Ստեփանակերտը Երևանին կապող միակ ճանապարհն այս պահին դեռ շարունակվում է անանցանելի մնալ: Միակ մայրուղու փակ մնալուն անդրադարձել են նաեւ միջազգային լրատվամիջոցները:
Ռուսական տարածաշրջանային Кавказский Узел լրատվական կայքը հրապարակել է «Հայաստան տանող ճանապարհի փակումը խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում լրատվական կայքի թղթակիցը զրուցել է նաեւ Արցախի Հանրապետության բնակիչներից մի քանիսի հետ, որոնք թղթակցին պատմել են, որ ճանապարհի փակումը խնդիրներ է առաջացրել: Օրինակ Ստեփանակերտի բնակիչ Անդրանիկ Գեւորգյանը պատմել է, թե Երեւան էր գալիս բարեկամներին այցելության: «Մեզ կանգնեցրին Շուշիի խաչմերուկում, ինչպես մյուս մեքենաները: Ես հասկացա, որ ճանապարհը երկար ժամանակ է փակվելու, քանի որ տեսա, որ ադրբեջանցիները շատ լավ են կազմակերպել իրենց ակցիան. եկել էին տեսախցիկներով, բարձրախոսներով, պաստառներով, շատ լրագրողներ կային: Ապա տեղեկություններ կային, թե նրանց շրջանում զինված մարդիկ կան, եւ ես որոշեցի իմ ընտանիքին վերադարձնել Ստեփանակերտ», – պատմել է նա:
Ռուսական Ինտերֆաքսն այսօր հրապարակել է «Ստեփանակերտը դիմել է ՌԴ խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով» վերտառությամբ հոդված: Հոդվածում ներկայացվում է, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Նկատենք՝ միջազգային մամուլն այնքան էլ ակտիվ չէ Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու հարցում եւ կրկին ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, իսկ հրապարակումներն էլ միայն պաշտոնական բնույթ են կրում՝ արտատպելով գերատեսչություններից ուղարկված հաղորդագրությունները:
Մանրամասներ՝ տեսանյութում
Ն.Հ.