Պետությունը միայն «Քաղաքացիական պայմանագրինը» չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Դատելով տարածված հաղորդագրության բովանդակությունից՝ նիստի մասնակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն, որ Ադրբեջանն ավելի քան 24 ժամ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող հաղորդակցային միակ միջոցը՝ Բերձորի միջանցքը:

ԱԽ արտահերթ նիստին բացի դրա կազմում ներառված անդամները՝ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն են մասնակցել:

Ըստ տրամաբանության՝ եթե ԱԽ նիստին վարչապետի հրավերով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարը նույնպես մասնակցել է, ապա խորհրդարանի մյուս խմբակցության ղեկավարները նույնպես պետք է մասնակցեին: Բայց, պարզվում է` թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարները նիստին մասնակցելու հրավեր անգամ չեն ստացել:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանի ու Հայկ Մամիջանյանի հետ, նրանք երկուսն էլ մեզ ասացին, որ հրավեր չեն ստացել:

Փաստորեն, Հայաստանի ու Արցախի անվտանգային, պաշտպանական հարցերն իշխող «Քաղաքցիական պայմանագիրը» միայն իրեն է վերագրում: Իհարկե, լավ կլիներ, որ վերագրելուց բացի այն լուծել կարողանար, կամ դրանց համար ելքեր փնտրեր, բայց պետությունը միայն ՔՊ-ինը չէ, ու այն պետք է կառավարել՝ բոլոր ինստիտուտների հետ հաշվի նստելով: Հայաստանն, ի վերջո, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը չէ:

Սևակ Վարդումյան




Լրահոս