ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ զարգացումներ են եղել դատարանում:
Գործը հասել է դատախազի տեղակալին, սակայն Վճռաբեկ դատարանը կուլ չի գնացել քաղաքական իշխանության քայլերին:
2021 թվականի փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր ՝ փողոցում հայհոյանքներ են հնչեցրել։ Սակայն Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդը ոստիկաններին ցուցմունք էր տվել եւ հերքել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել է:
Ինչեւէ մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը, որին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Հակոբ Հովհաննիսյանին, որ նա 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 19 շենք հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցով անցնող անցորդների նկատմամբ, անտեսելով բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին:
Այդ ընթացքում այդտեղ գտնվող նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիտողություն է արել Հակոբ Հովհաննիսյանին և փորձել կարգի հրավիրել վերջինիս, սակայն Հակոբ Հովհաննիսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Հակոբ Ասլանյանի աջ այտին, պատճառել ֆիզիկական ցավ և շուրջ 2-3 րոպե տևողությամբ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ որպիսի դիտավորյալ խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցրել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանը Հովհաննիսյանին պատժել էր 200.000 դրամի չափով, սակայն Հովհաննիսյանը բողոքարկել էր դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ տուգանքի չափը կրճատել էր եւ տուգանել էր 50.000 դրամի չափով:
Գործին խառնվել է Գլխավոր դատախազի տեղակալը եւ Վերաքննիչ որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ, իսկ ահա Վճռաբեկ դատարանն էլ կուլ չէր գնացել առկա իրավիճակին եւ դատախազի տեղակալի բողոքը վարույթ չէր ընդունել:
Քնար Մանուկյան