«Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա՝ այն դեպքում, երբ տեւական ժամանակ է՝ իշխանություններն առաջ են տանում խաղաղության թեզը՝ ասելով, թե հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ: 2022 թվականի մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու եւ իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով»: Իր հերթին այս տարվա հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր. «Կա պայմանավորվածություն մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը»: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը որպես նպատակ այլ առիթներով բազմիցս բարձրաձայնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվում են: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ կատարելու իր խոստումները, եւ իր հայտարարությունները մանիպուլացնող բնույթ ունեն:
Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ: Այսպես, մեզ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակազմին հաջորդ տարվա համար տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է վարձակալությամբ տրամադրել հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները՝ 2008 թվականի արտադրության «Նիսսան X-Տեռռա», 2007թ. արտադրության «Գազ-3102-501», 2004թ. արտադրության «Վազ-21214», 2006թ. արտադրության «Գազ-31105-120», 2012թ. արտադրության «Կիա Սեռատո, 2003թ. արտադրության «Գազ-3102»։ Իհարկե, փաստաթղթերով քաղաքապետարանը պահանջել է՝ վարձակալության ողջ ժամանակահատվածում ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին եւ արտաքինից լավ վիճակում, որպեսզի շաբաթվա մեջ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ շաբաթ, կիրակի եւ տոն օրերին օգտագործվեն: Հարց է՝ ինչքանով կարող է 2004 թվականի սովետական արտադրության ավտոմեքենան որակյալ ծառայություն մատուցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը նախատեսում է նաեւ հաջորդ տարվա համար վարձակալել թվով 2՝ 2014թ. արտադրության «IRAN KHODRO TU5 1.6» մակնիշի ավտոեմեքենա: Այս երկու ավտոմեքենայի վարձակալության համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 14 մլն 496 հազար դրամ գումար: Չի բացառվում, որ այս ավտոմեքենաները ինչ-որ մեկին են պատկանում, որոնց դիմաց 650 հազար ԱՄՆ դոլար ամանորյա զարդարանքի վրա ծախսող քաղաքապետարանը գումար է դուրս գրում: Հարց է մնում՝ արդյոք 21-րդ դարում արդյունավետ է «Վազ 21»-ով երթեւեկելը:
ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի): Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է:
ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 2 մլն 80 հազար դրամի չափով պայմանագիր է կնքել «Երեւան» հյուրանոցի հետ: Մեկ այլ պայմանագրով՝ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ից կատարվել է 7 մլն 457 հազար դրամի գնում՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում տրանսպորտային ծառայություններ իրականացնելու համար: Կրկին ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի հետ, որն այս անգամ արժեցել է 6 մլն 595 հազար դրամ: «Սարգիս Միքայելյան» ԱՁ-ի հետ էլ կնքված 1 մլն 450 հազար դրամ արժողությամբ պայմանագրով իրականացվել են տեխնիկական աշխատանքներ, օրինակ՝ 15 հատ դրոշակաձող է գնվել, եւ իրականացվել է դրոշների վերանորոգում: Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ստացվում է, որ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստն այստեղ անցկացնելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեից ծախսել է 17 մլն դրամից ավելի գումար, եւ ամեն ինչ իրականացվել է «մեկ անձից գնումներ» սկզբունքով, հենց նույն սկզբունքով, որից ժամանակին դժգոհում էին ներկայիս իշխանությունները, համարում կոռուպցիայի որջ: Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն կոռուպցիոն մեխանիզմներով է կառավարում բոլոր ոլորտները, ինչ նախկինում քննադատում ու մերժում էր: