ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն տեսակետին է, որ թեեւ ՀՀ իշխանություններն այս պահին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները (երեկ առավոտվանից փակ է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը) փորձելու են բացառապես ռուս խաղաղապահների պատասխանատվության դաշտ գցել, բայց պարզ է, որ ամեն պահ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուռ համաձայնությամբ է տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ադրբեջանցիները կրկին փակել են Հայաստանն Արցախին կապող միակ մայրուղին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք եւ ի՞նչ գնահատական եք տալիս կատարվածին:
-Իրավիճակը իսկապես բարդացել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհի մեջտեղում վրաններ էին տեղադրվել: Ադրբեջանը, բնականաբար, փորձում է նաեւ ուժ ցույց տալ, եւ ադրբեջանական զորքերը եւս կարող են միջամտություն ցույց տալ: Անկախ այն հանգամանքից, թե այս ակցիան ինչ քողի ներքո է իրականացվում, ակնհայտ է, որ Ադրբեջանը սկսել է տարբեր սադրանքներ իրականացնել: Ադրբեջանը երկու պահանջ է ներկայացրել՝ առաջինը՝ այդ ճանապարհին ռենտգեն-սարքեր տեղադրել եւ վերահսկել բեռնափոխադրումները, իսկ երկրորդը՝ բնապահպանական խնդիրների ներքո (ինչը շինծու է) փորձ է արվում կանգնեցնել հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքը: Դա մեծաթիվ վնասներ կհասցնի, սակայն սա չէ գլխավոր նպատակը, եւ Ադրբեջանը փորձում է մի քանի թեւերով աշխատել:
-Հայաստանի իշխանություններից մինչեւ այս պահը որեւէ արձագանք չկա, բացի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարություններից (հարցազրույցն անցկացնելու պահին-խմբ.): Ինչո՞ւ չեն արձագանքում: Ի վիճակի չե՞ն:
-Իմ կարծիքով՝ իշխող ուժի քաղաքական կուրսն է հնարավորինս անտարբերություն դրսեւորել հնարավոր բոլոր մակարդակներում: Սա չեմ կարծում, թե միայն հումանիտար բնույթի խնդիր է եւ կարող է բերել միայն հումանիտար ճգնաժամի: Հայաստանի իշխանություններն այստեղ բոլոր մակարդակներում անելիքներ ունեն, եւ ինձ թվում է, որ հաջորդ քայլը կլինի այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, թե, օրինակ, ռուս խաղաղապահները չեն իրականացնում իրենց առաքելությունը, կամ դա իրենց գործառույթների ներքո է, եւ փորձելու են պատասխանատվությունն իրենց վրայից դուրս բերեն: Պետք է արձանագրել, որ միջանցքի անվտանգ շահագործման պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, եւ նրանք այդ առաքելությունն իրականացնում են ռուս խաղաղապահների միջոցով: Վերջին շրջանում խնդիրներ կան, եւ, բնականաբար, նրանց պատասխանատվությունը եւս պետք է դիտարկել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը պետք է իրենց ձեռքերը լվանան այս ամեն ինչից եւ նայեն միայն դիտորդի կարգավիճակում: Հայաստանի եւ Արցախի անելիքներն այստեղ իրոք մեծ են: Հայաստանի իշխանությունների այս պասիվ պահվածքը ցույց է տալիս, որ այս ամենը տեղի է ունենում իրենց լուռ համաձայնության ներքո:
-Չե՞ք բացառում, որ եթե ռուս խաղաղապահները փորձեն ուժի միջոցով ճանապարհ բացել, ապա ադրբեջանցիներն էլ իրենց հերթին ուժ կկիրառեն, եւ բախումներ կսկսվեն: Ի՞նչ վտանգներով է հղի այս ամեն ինչը:
-Բնական է, որ ամեն ինչ պետք է անել այս իրավիճակը խաղաղ հանգուցալուծման բերելու համար, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է ճանապարհ փակի, սադրանքների դիմի, եւ դա կանխելու համար սկսենք նրանց պահանջները բավարարել: Իրավիճակին պետք է շատ լրջորեն վերաբերվել: Այս պահին միայն հայտնի է հեռախոսազրույցների մասին: Միայն արձագանքելով բավարարվելը սխալ է, եւ այս տեղի ունեցածի հիմքը շատ ավելի վաղ է դրված:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԲԱՔՈՒՆ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՄՈՍԿՎԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ նոտայում ընդգծվում է «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության՝ ղարաբաղյան շրջանում իր գործունեության խստիվ պահպանության անհրաժեշտությունը»։
«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, նաեւ վերացնելու միջավայրի համար բացասական ազդեցության հետեւանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան: Խաղաղապահները ոչ մի միջոց չեն ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»,- ասել է Հաջիզադեն։
Վերջինս նաեւ նշել է, որ, Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն, իբր, աճում է բնական ռեսուրսների, հատկապես` ոսկու հանքավայրի եւ պղնձամոլիբդենային հանքավայրի «ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաեւ բնապահպանական իրավիճակի սրումը»։ «Դեկտեմբեր ամսից բանակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջեւ։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ «ապօրինի հանքարդյունաբերություն» է իրականացվում, սակայն այդ ուղեւորությունը կանխվել է։ Այն ֆոնին ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղեւորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Մենք եւս մեկ անգամ կոչ ենք արել թույլ տալ անարգել մուտք գործել այդ դաշտեր»,- ասել է Հաջիզադեն:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արցախը Հայաստանին կապող մայրուղին ադրբեջանցիները բնապահպանական ակցիայի տակ պահեցին ավելի քան երեք ժամ եւ պատճառաբանությամբ, թե Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով: Հիշեցնենք նաեւ՝ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր այցը համաձայնեցված չի եղել ԱՀ իշխանությունների հետ, եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից որոշում է կայացվել դադարեցնել շրջայցը
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՎՐԻՊՈՒՄԸ» ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո կառավարական կաբնիետում միանգամից երկու հրաժարական եղավ. նախ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարեցին, որ հրաժարականի դիմում են գրել: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ թե՛ նախարարի, թե՛ փոխվարչապետի (վերջինս նաեւ Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հրաժարական ներկայացնելն ուղիղ կապված է ԲՊՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու հետ, քանի որ իշխող քաղաքական թիմն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգած են եղել, հետեւաբար նաեւ ակնկալել են, որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պետք է ռեկտոր ընտրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռեկտորի ընտրությունների ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Մաթեւոսյանը խիստ լոյալություն է ապահովել: Անընդհատ շեշտել է, որ պետք է արդար ու անկողմնակալ ընտրություն կազմակերպել: Կարճ ասած, տպավորություն է ստեղծել, որ ինքը որեւէ մեկի կողմից չէ: «Բավական հետաքրքիր է հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի քվեարկությունը: Այն, իհարկե, գաղտնի է եղել, ու որեւէ մեկը հաստատ չի կարող ասել՝ ինչպես եւ ում օգտին է քվեարկել տիկին փոխնախարարը, բայց չի բացառվում, որ Հարությունյանի թեկնածությանը Անդրեասյանը նույնպես կարող էր կողմ քվեարկել, որպեսզի ներիշխանական ինտրիգներ հյուսվեն, ու ինքը վերջապես կարողանա զբաղեցնել նախարարի աթոռը: Իհարկե, իր քվեարկության մասին միայն ինքը գիտի, բայց այս սցենարը նույնպես բացառել չի կարելի, քանի որ բուհում ներքին խոսակցություններն այնպիսին են եղել, որ ձայներն, ըստ երեւույթին, հավասար՝ 10/10 հարաբերակցությամբ կբաշխվեն, ու հարցը փակուղի կմտնի: Բայց, փաստորեն, 12/8 հարաբերակցությամբ Հարությունյանը վերընտրվել է»,- ասաց «ժողովուրդ» օրաթերթի՝ բուհին մոտ կանգնած աղբյուրը: Իհարկե, չի բացառվում, որ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականի պատճառներից նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի խայտառակ ընտրությունները լինեն. այս մի «վրիպումը» նույնպես իշխանությունը չի հանդուրժել:
«КАТАЛИЗАТОР»-ՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաները: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների խլացուցիչները կամ բոլորին հայտնի «КАТАЛИЗАТОР»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել: Բանն այն է, որ այս տարվա նոյեմբերի 28-ին ՊՎԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ստացվել են տվյալներ, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (КАТАЛИЗАТОР) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաեւ այդ գործընթացում եւ թափոնների առուվաճառքի ոլորտում առկա են խնդիրներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվել եւ իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Ըստ ՊՎԾ-ի՝ արձանագրվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: