Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը բավական տարածված խնդիր է, որը զարգանում է, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում: Ինչպես գրում է doctor.rambler.ru պորտալը, մարսողական համակարգի այս խանգարումը չբուժելու դեպքում կարող են բավական տհաճ բարդություններ ի հայտ գալ, մինչդեռ շատերը ժամանակին չեն հայտնաբերում այն:
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ամենատարածված ախտանշանը ստամոքսի այրոցն է, սակայն ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում դրան։ Այնուամենայնիվ հիվանդությունը ժամանակին նկատելը շատ կարևոր է, քանի որ այն կարող է դառնալ կերակրափողի լորձաթաղանթի թթվային կամ քիմիական վնասվածքների պատճառ։
Այս ամենի հետևանքով հիվանդի մոտ կարող են նկատվել դժվարություններ սննդի կլման ժամանակ, ինչպես նաև ասթմայի ախտանշանների սրացում, կոկորդում օտար մարմնի առկայության զգացում, կրծքավանդակի ցավեր ու հազ։
Այս հիվանդության դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը, հակառակ դեպքում կարող են բարդություններ զարգանալ։ Դրանց շարքին են դասվում կերակրափողի հատակի բորբոքումն ու էզոֆագիտը, որոնք կարող են հանգեցնել հյուսվածքների սպիացման ու կերակրափողի նեղացման, իսկ ավելի ուշ՝ Բարետի կերակրափող հիվանդության զարգացման, որով հիվանդներից 200-ից մեկի մոտ ի վերջո կերակրափողի քաղցկեղ է զարգանում։