ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆԸ ՄԵՂՍԱԿԻՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ  Կոնգրեսը փոխել է իր մարտավարական ծրագիրը եւ իշխող վարչախմբի  դեմ պայքարելու համար  ստեղծելու է  քաղաքական նոր ճակատ` մոբիլիզացնելով ուժերը, որպեսզի հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին:

ՀԱՐՑ.  Ի՞նչ զարգացումներ կհետեւեն այս քաղաքական քայլին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները,  ես  ոչ մի քաղաքական զարգացում կամ փոփոխություն չեմ սպասում, եթե չհաշվենք կյանքում տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակները: Սակայն այսօրվա դեպքերը մեզ հուշում են, որ ոչ մի արդյունքի չի կարելի սպասել, քանի որ ինչպես 2009թ.-ի ընտրություններին, 2012թ.-ի ընտրությունների դիրիժորը  Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, մնացյալ խոսակցություններն ու ելույթներն անիմաստ են, եւ վերջիվերջո, ծառայում են գործող դիկտատորին: Ուստի իմ ասածը հասկանալի դառնալու համար պետք է գիտակցել, որ արմատական փոփոխություններ հնարավոր չեն ընտրությունների միջոցով: Նրանք,  այսօր խոսելով  ընտրություններից,  պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին, եւ իմ համոզմամբ` նրանք այս բռնատիրական ռեժիմի վերարտադրմանը  մեղսակից են:

«Սարդարապատ» նախաձեռնության խմբի անդամ
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը  չի առնչվում «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ ինքը պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Նման քաղաքական քայլին ոչ մի արտառոց զարգացում  չի կարող հետեւել:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր
ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Դա իրենց հերթական, սովորական հայտարարություններն են: Քանի որ իրենք տեսնում են, որ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ոչ մի բանի չհասան, փորձում են վեկտորն ուղղել դեպի նախագահական: Ըստ իս, նրանք դրանով ոչինչ չեն կարող ասել: Հերթական խոսքեր են, որոնք կարտահայտեն հերթական հանրահավաքներում: Եթե ցանկանում են Ազգային Ժողովում տեղեր ունենալ, պետք է զբաղվեն այդ ընտրություններով, ոչ թե միտինգներում փորձեն հայտարարություններ անել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ասած, չեմ կարող ասել: Կուզեմ, որ դրական լինի արձագանքը: Կուզեմ, որ քաղաքական հասարակական հրամայականները հասկանալի լինեն: Ի վերջո, Սերժ Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ, այլ Հայաստանի առջեւ ահագնացող մարտահրավերների դեմն առնելու այսօրվա լուծումն է: Ովքեր կգիտակցեն այդ խնդիրն ու կարեւորությունը` ի պատիվ իրենց:

ՀՀՇ վարչության նախագահ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս