Հայտնի է, որ սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, եւ այն ավելի ծանր հետեւանքներ է ունենալու, քան նախորդը: Որքանո՞վ է հասարակությունը տեղյակ սպասվելիք նոր տնտեսական ճգնաժամի մասին, եւ ինչպիսի՞ն է անցած մեկ ամսվա ընթացքում գրանցված գնաճի ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ի թղթակիցը շրջեց Երեւանի Կոմիտասի, Հարավարեւմտյան թաղամասի, Մաշտոցի պողոտայի (Պրոսպեկտ) շուկաներում՝ զրուցելով ինչպես վաճառողների, այնպես էլ քաղաքացիների հետ:
Վաճառողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ սննդի ոլորտում ապրանքների գների թանկացումը տատանվում է 40-100 դրամի սահմաններում: «Նկատվում է ապրանքատեսակների գնաճ: Եթե ձվի, կաթնամթերքի գների թանկացումը տատանվում է 10-40 դրամի սահմաններում, ապա մնացած ապրանքների մեջ գնաճը տատանվում է 70-150 դրամի սահմաններում: Թեեւ կան ապրանքներ էլ, որ գների իջեցում է նկատվում: Միակ բանը, որ դեռ չի թանկացել, հացամթերքն է»,-ասացին նրանք` հավելելով, որ եթե այսպես շարունակվի, չգիտեն, թե ինչպես են աշխատելու: Տնտեսական խանութների վաճառողներն էլ նշեցին, որ տնտեսական ապրանքների թանկացման հետ մեկտեղ նկատվում է նույն ապրանքատեսակների առեւտրի նվազում:
Տնտեսական բաժնի վաճառողուհի Լիլիթը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք ինքներս էլ գլուխ չենք հանում, թե ինչ է կատարվում: Առաքիչները նույն ապրանքը մեկ բերում են թանկ գնով, մեկ էժան, չենք իմանում` ինչ գին դնենք, որ թե՛ հաճախորդները գոհ մնան եւ թե՛ առեւտուր ունենանք: Թե սենց ինչքան է շարունակվելու, չենք իմանում, բայց որ գնալով մենք կորցնում ենք հաճախորդների վստահությունը, հաստատ է: Հուսանք, որ մինչեւ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի սկսվելը կկարողանանք գոնե որոշակի չափով կասեցնել գնաճը»:
Հարցված 200 քաղաքացիներից 45-ը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ առաջին անգամ են լսում ճգնաժամի երկրորդ ալիքի մասին, եւ եթե նման բան լինի, իրենք կշարունակեն ապրել ու դիմակայել, ինչպես դիմակայեցին նախորդ տնտեսական ճգնաժամը: Նրանք միայն խնդրում են իրենց գործատուներին, որ ճգնաժամի երկրորդ ալիքի ժամանակ իրենց չհեռացնեն աշխատանքից:
Հարցվածներից 60-ը նշեցին, որ դա իրենց համար նորություն չէր, քանի որ հետեւելով աշխարհի տնտեսությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին` դժվար չէր ենթադրել, որ որոշ ժամանակ անց կսկսվի տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը: Նրանք ասացին, որ կշարունակեն ապրել իրենց բնականոն կյանքով, եւ եթե տեսնեն, որ հնարավոր չէ, ապա կփորձեն իրենց մի քիչ նեղություն տալ, բայց հաստատ չեն լքի հայրենիքը:
Մեր զրուցակիցներից 30-ի համար միեւնույն է` կլինի տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք, թե ոչ, քանի որ նրանք այս պահի դրությամբ էլ մի լավ օրի չեն եւ հազիվ են կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները: Այդ պատճառով էլ, եթե նման բան տեղի ունենա, ապա իրենք կվաճառեն իրենց ունեցվածքը եւ կմեկնեն արտերկիր, հատկապես Ռուսաստանի Դաշնություն:
Հարցվածների մի փոքր զանգված էլ նշեց, որ երբ սկսվի տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, այդ ժամանակ էլ կմտածեն` ինչ եւ ինչպես անեն:
ՃԳՆԱԺԱՄ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ Է ՏԵՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ