Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
Վթարն արձանագրվել է երեկ, ժամը 14։35-ին։
«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով»- նշված է հաղորդագրությունում։
Ելնելով տվյալ իրավիճակից՝ հունվարի 10-ից Արցախում իրականացվում են հովհարային անջատումներ, տեղեկացնում է «Արցախէներգոն» և ուղղորդում հետևել իրենց կայքին և ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններին։