Սեպտեմբերի 25-ին Դիլիջանի իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 48-ամյա Գայանե Մնացականյանը: Նրա զավակներ 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանն ու 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը, նույնպես ցանկանալով ինքնասպան լինել, սուր ծակող գործիքով նախաբազուկների շրջանում բազմաթիվ վերքեր էին պատճառել իրենց: Բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը: Ի՞նչն էր ինքնասպանության եւ դրա փորձերի պատճառը: Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանից տեղեկացանք, որ նշանակված դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություններով Էրիկն ու Մարինեն հիվանդ չեն ճանաչվել: Նրանք քննիչին ասել են, որ երիկամների հիվանդություն ունեցող, դիալեզի ենթարկվող իրենց հորն օգնելու համար իրենք համաձայնել են իրենց տունը ծախել եւ հոր մասնաբաժինը տալ նրան: Այդ գումարով հայրը փոխպատվաստման համար երիկամ կարող էր գնել: Ինքնասպանության փորձ կատարած եղբայրն ու քույրը նեղվել են իրենց սոցիալական վիճակից: Թեեւ նրանք սոված, բացարձակ աղքատ չեն եղել, սակայն ցանկացել են ապրել բարեկեցիկ կյանքով: Էրիկը մի քանի տարի առաջ էլ է ինքնասպանության փորձ կատարել: Գայանե Մնացականյանի ամուսինը, ով բաժանված է եւ Վանաձորում է ապրում, քննիչին ասել է, որ Գայանեն նախկինում խանդի հիվանդագին դրսեւորումներ է ունեցել, բացել է գազի փականը, որպեսզի ինքնասպան լինի: Առաջիկայում ավագ քննիչ Սաղաթելյանը նշանակելու է Գայանե Մնացականյանի հետմահու դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություններ: Դրա համար արտաշիրիմում չի կատարվելու, պարզապես հարազատների, ծանոթների պատմածների հիման վրա կնոջ հոգեկան վիճակի մասին եզրակացություն է կայացվելու:
Տավուշ