ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Եվրոպայից նեղսրտած է. ԵՄ-ն իր հետ հաշվի չի նստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաբեություն է որակում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության Հայաստան ուղարկելու հանգամանքը: Ըստ նրա՝ դա պետք էր պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցվեր:
Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցարզույցում պետության ղեկավարը նշել է, որ այդ քայլը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ հովանու ներքո ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

«2022-ի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած Ադրբեջանի, Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնեցվել է երկամսյա ժամկետով Հայաստան ԵՄ 40 հոգանոց առաքելություն ուղարկելը: Բայց ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվել են, ու ԵՄ-ում որոշել են նոր առաքելություն ուղարկել Հայաստան, քանի որ նախորդի մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։ Այս քայլը չի համաձայնեցվել Բաքվի հետ։ Պայմանավորվածությունների խախտումը չափազանց հիասթափեցնող է: Եթե ինչ-որ բանի շուրջն անգամ բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերում, ապա դա պետք է պահպանել»,- նշել է նա:

Նման քայլն, Ադրբեջանի առաջնորդի գնահատմամբ, տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը չի նպաստի: Միևնույն ժամանակ հավելել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների համար համարժեք հարթակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն է դիտարկում: ԵՄ-ն նման հարթակ կարող է լինել, հավելել է Իլհամ Ալիևը, եթե իրեն ազնիվ պահի:

Սևակ Վարդումյան




Լրահոս