«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն օրեր առաջ Facebook-ի իր էջում հրապարակում էր արել ու ահազանգել, որ ըստ առողջապահության նախարարության ընդունած փաստաթղթի՝ բժշկական հաստատություններում հետայսու երեխաների պատմագրերում սեռի դիմաց բացի «արականն» ու «իգականը» կարող է նաև չճշտվածը գրվել:
«Երեխայի ծննդյան վկայականի մեջ արդեն իսկ նշվում է, թե նա ինչ սեռի է, հետևաբար առողջապահության նախարարությունը չի կարող պատճառ գտնել ու ասել, թե իրավիճակներ են լինում, երբ երեխայի սեռը հայտնի չի լինում, հետևաբար դրա համար ենք երեխայի սեռի դիմաց գրում «չճշտված»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր Զոհրաբյանը:
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրին, որ 2023թ. հունվարի 1-ից է ուժի մեջ մտել երեխայի հիվանդության պատմագրի ձևը, ինչը բացառապես բուժաշխատողների համար է նախատեսված:
«Անդրադառնալով պատմագրի ձևի կետ 21-ում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպմանը` հարկ է նշել, որ եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար: Ցավոք, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում): Նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարությունից:
Նախարարությունից տեղեկացրին նաև, որ դեռևս ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում ևս առկա է եղել նշում` «տղա», «աղջիկ», «չորոշված»: Նման կարգավորում նաև 2009 թվականին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում» է եղել, որը վերանայվել և վերահաստավել է 2017-ին: Այստեղ կրկին նշվում է` «արական», «իգական», «չի որոշված»:
Սևակ Վարդումյան