ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:

 

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչեւի հետ:

-Պարո՛ն Կովաչեւ, դեկտեմբերի 1-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Ի՞նչ եք մտածում ստեղծված իրավիճակի մասին:

-Շատ ծայրահեղ իրավիճակ է, քանի որ հիմա, ինչպես հասկացա, 9 օր է արդեն,  որ Լեռնային Ղարաբաղի հայերն արգելափակված են եւ չեն կարողանում դուրս գալ։ Փաստորեն, այդ Լաչինի միջանցքը երաշխավորվել է դեռ 2020 թվականի հրադադարի պայմանագրով, իսկ բնապահպան ակտիվիստների պատրվակը` ոչ։ Ինձ շատ է մտահոգում իրավիճակը, քանի որ ես ամեն օր ուշադիր հետեւում եմ, թե ինչ է կատարվում: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող այն մարդկանց, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, չեն կարող տեղափոխել Հայաստան, ինչը շատ ցավալի է։

-Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Ադրբեջանին:

-Մենք կարող ենք միայն բանակցությունների կոչ անել, եւ այսօր (երեկ-խմբ.) խորհուրդը որոշեց, որ մոնիթորինգային առաքելության ավարտը կլինի դրա փոխարինումով, այսինքն՝ Եվրոպական Միության կողմից այլ առաքելություն: Դա կլինի հատուկ առաքելություն՝ Եվրոպական Միության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանը համապատասխան: Ես շատ մեծ հույսեր ունեմ այս առնչությամբ: Կարծում եմ՝ Ադրբեջանը եւս ցանկանում է, որքան հնարավոր է արագ, լուծում գտնել եւ ավելի չվատացնել այնտեղ հումանիտար իրավիճակը. դրան ձգտում են նաեւ Բրյուսելում: Նրանք ձգտում են ադրբեջանական կողմին ապացուցել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումն այժմ անչափ կարեւոր է:

-Սակայն ինչո՞ւ է միջազգային հանրությունը պասիվ, եւ, ամեն դեպքում, Ադրբեջանին կանգնեցնել չի հաջողվում:

-Այս հարցն արդեն ակտուալ է մի քանի տարի: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով վեճերի լուծման հարցում մենք չունենք շատ առաջընթաց: Միջազգային հանրությունը, ցավոք, ունի սահմանափակ հնարավորություններ խառնվելու այդ հարցին: Եվրամիությունը ռազմական ուժեր չունի այնտեղ գնալու համար: Պատասխանատվություն ունեն ռուսները, խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, սակայն չեն իրականացնում իրենց պարտավորությունները: Խաղաղապահներն այնտեղ չեն իրականացնում այն պարտավորությունները, որոնք ունեն: ԵՄ-ն նման առաքելություն չունի, սակայն ցանկանում է ունենալ իր մշտական ներկայացուցիչը Հայաստանում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը փակել ճանապարհը, ի՞նչ են ցանկանում:

-Շատ դժվար է կանխատեսել, թե նրանք ինչ են մտածում կամ ցանկանում: Կհիշեք, որ անցյալ ձմռանը նաեւ գազատարի պայթյուն եղավ, եւ այն ժամանակ եւս անհասկանալի էր, թե նրանք ինչ են ցանկանում, իսկ հիմա էլ Լաչինի միջանցքի շրջափակումն է: Առաջին տարբերակն այն է, որ ամեն կերպ ցանկանում են բարդացնել Ղարաբաղի հայերի կյանքը, եւ որ նրանք հետ կանգնեց Ղարաբաղից: Այս ամենը հակադրվում է այն եռակողմ պայմանավորվածություններին, որոնք առկա են: Ռուսաստանը եւս այս եռակողմ պայմանավորվածության կողմ է եւ պետք է  անվտանգության երաշխավոր լինի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.  «Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ եւ տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է…

 

Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս. միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։

Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են՝ հասնելու համար ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկությանը։

Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ. Ն. Մոսկալկովային եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ. Ա. Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:

Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվելու 120.000 վտանգված կյանքի հանդեպ… Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է…»:

 

 

 

ՊԱՆԴՈԿՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է  հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից  իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, եւ բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ՍՊԸ-ին պատկանող պանդոկները, կարծես թե, դարձել են իշխանությունների սիրելի վայրը, եւ պատվիրակություններին հյուրասիրելու համար հենց դրանք են ընտրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան» պանդոկում 13 մլն 500 հազար դրամ արժողությամբ հյուրասիրության ժամանակ մատուցվել են սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, աղանդեր եւ միրգ: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիրն արժեցել է 5 մլն դրամ: Այդ անգամ ընդունելությունը կազմակերպված է եղել «Պանդոկ Երեւան Գետափին»-ում եւ կրկին աչքի ընկել ճոխ հյուրասիրությամբ: Նկատենք, որ ԱԺ օտարերկրյա պատվիրակությունները երբեմն հայկական կնունքի կամ ծնունդի են ակամայից մասնակցում պանդոկներում. մի կողմում պաշտոնական պատվիրակությունն է ճաշում՝ քննարկելու պետական կարեւոր հարցեր, մյուս կողմում «պապիկը թոռնիկի ցավն է տանում» ֆոլկլորային երգերով:

 

 

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարճել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Պաշտպանի խոսքով՝ առողջական խնդիրներից ելնելով է առաջարկ եղել, որ Վանիկ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Հիշեցնենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով: Ընտրակաշառքի գործով կալանավորվել էր նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում. քրեական վարույթը դեռ կարճված չէ։

 

 




Լրահոս