ՀԱԳՈՒՍՏ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն եւ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված եւ տեւական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի եւ տուրքերի վճարումից։

 

Մասնավորապես, մի քանի ընկերություններ փաստացի ղեկավարող եղբայրներ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն եւ Կ.Կ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող առեւտրային կենտրոններում չինական եւ թուրքական արտադրության ապրանքների վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ՝ վերջիններիս կողմից առեւտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով չինական եւ թուրքական արտադրության հագուստեղենն առանց պատշաճ ձեւակերպման եւ մաքսային վճարումների ՀՀ ներկրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Գործող հանցավոր մեխանիզմի համաձայն՝ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն եւ Կ.Կ-ն պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ երկու բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով, ինչը պատշաճ ձեւակերպված է եղել մաքսային փաստաթղթերում, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական եւ թուրքական արտադրության հագուստով եւ այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձեւակերպված է եղել որպես միրգ-բանջարեղեն: Օրինական բեռով բեռնատարը սահմանային անցակետում նախնական ձեւակերպումներն իրականացնելուց հետո անմիջապես ուղեւորվել է Երեւանում գործող մաքսային պահեստ՝ մաքսազերծում իրականացնելու նպատակով, իսկ ապօրինի բեռով բեռնված բեռնատարը սահմանային անցակետում որպես միրգ-բանջարեղեն նախնական ձեւակերպում իրականացնելուց հետո անմիջապես ուղեւորվել է Ռ.Կ-ի, Հ.Կ-ի եւ Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտնի մարզում վարձակալված պահեստ, որտեղ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ անձանց օժանդակությամբ, վերջիններիս կողմից, առանց մաքսային կետում կնքված կապարակնիքի տեղաշարժման եւ հեռացման, բեռնաթափվել են ապօրինի ներկրված հագուստները եւ անմիջապես առաքվել տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առեւտրային կետեր, որից հետո օրինական եղանակով ներկրված եւ մաքսազերծված հիշյալ առաջին բեռնատարը տեղափոխվել է նույն պահեստ, որտեղ մաքսազերծված միրգ-բանջարեղենը բեռնվել է ապօրինի հագուստի փոխարեն եւ ուղեւորվել մաքսային տերմինալ՝ մաքսազերծման համար։ Դեպքի առթիվ 2022 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, քննչական ենթակայության կանոններին համապատասխան, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։ Հանցավոր գործունեության կանխման նպատակով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական եւ վարութային գործողությունների արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կանխվել է վերը նկարագրված հանցավոր եղանակով հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում Ռ.Կ-ի, Հ.Կ-ի եւ Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտի մարզում վարձակալված պահեստում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որում փաստացի գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն, բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։ Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ հանցավոր մեխանիզմում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։

 

 

 

 

ՄԱՔՐՈՒՀԻՆԵՐԸ 12.5 ԿԳ ՈՍԿԻ ԵՆ ԳՏԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:

2022թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն եւ տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջեւ, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները: Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու եւ առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

 

 

 

 

 

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 66 տարեկան կինը իրավապահներին հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պատրաստվում է հրկիզել իրեն: Իսկ ի՞նչն է պատճառը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա իրավապահներին հայտնել է, որ իր այս քայլի պատճառն այն է, որ դատախազությունում իր ներկայացրած փաթեթը պատշաճ չեն ուսումնասիրում, տնից վտարման հետ կապված պարբերաբար դիմումներ է ներկայացնում, ու որեւէ բան չեն  անում: Նշենք, որ ոստիկանները կնոջը տարել են բաժին:

 

 

 

 

Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԸ

Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելու եւ հասարակական կարգը չխախտելու պահանջները, բողոքի ակցիա իրականացնող, իրավահպատակ վարքագիծ դրսեւորող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումներով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ եւ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով. Գեւորգ Բաղդասարյանը եւ գործով չպարզված անձինք, ժամը 09:00-ի սահմաններում նշված վայրում փողոցի երթեւեկելի գոտիով երթեւեկող ավտոմեքենաների երթեւեկությանը խոչընդոտելով եւ արգելելով, նախապես իրենց հետ բերված հավկիթներով եւ ձնագնդիկներով, իրենց անձի առավելությունները վեր դասելով, անտեսելով ոստիկանների հորդորները, հարվածներ են հասցրել ՀՀ Ազգային ժողովի շենքին մոտեցող ավտոմեքենաներին՝ միաժամանակ հնչեցնելով հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ, մասնավորապես՝ Գեւորգ Բաղդասարյանը, որը դեպքի վայր էր եկել իրեն պատկանող «Հյունդաի սոնատա» մակնիշի 36 LQ 298 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, ստորացնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների անձը, նախապես բերված հավկիթներով հարվածներ է հասցրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին սպասարկող «Տոյոտա քամրի» մակնիշի 015 HH 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենային, որի մեջ է գտնվել Անդրանիկ Քոչարյանը:

Դրանից անմիջապես հետո Գ. Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս գործը ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը պետք է քննի, որը բավականին ուշագրավ հանգամանքերում դարձավ դատավոր….

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս