ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի  համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

 

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

  1. Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:
  2. Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:
  3. Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:

ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:

Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

 

 

 

 

ՄԻԱՁԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուրուգվայի Սենատը միաձայն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքով։

Այս մասին «Թվիթեր»-ում հայտնում է Ուրուգվայում Հայ ազգային խորհրդի ներկայացուցչությունը։

«Մի քանի րոպե առաջ Ուրուգվայի Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքով՝ վերջ դնելով ճնշումներին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է նաեւ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, որը Հայաստանից եկել է Արցախ՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի, ու վստահ եմ՝ դառնալով մեր թիմի անդամներից մեկը՝ կարեւորագույն ոլորտներից մեկն առավել կզարգացնի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

 

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՌԱՋԱՐԿ

ArmLur.am-ի տեղեկություններով` ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո այլ պաշտոնի ակնկալիքներ ունի իշխանությունից:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վահրամ Դումանյանի հետ` պարզելու համար, թե արդյոք նոր պաշտոնի առաջարկ ունի նախկին նախարարը, թե ոչ:

«Այս պահին նոր պաշտոնի այլ առաջարկներ չունեմ, նման հարց չկա: Մեկ շաբաթ է, ինչ ազատվել եմ պաշտոնից, հիմա հանգստանում եմ»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու նա ազատման դիմում ներկայացրեց վարչապետին, մեր զրուցակիցն ասաց, որ այդպես է նպատակահարմար գտել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ կրթության եւ գիտության նախարար Վահրամ Դումանյանն ազատվել է պաշտոնից, վերջինիս փոխարինում է նախկին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք եւս մինչեւ փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին, կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։ Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը եւս առաջացնում է վարչական պատասխանատվություն։

 




Լրահոս