ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի հատուկ շարք ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների եւ իրականության հակասության մասին: Այդ ընթացքում 160 խոստում-հայտարարություն ենք արձանագրել, որոնք իրականություն չեն դարձել, կամ, որ նույնն է, ողջ ընթացքում Փաշինյանը ստել է: Այժմ նույն շարքի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այն հայտարարություններին, որոնք արվել են Փաշինյանի թիմակիցների կողմից եւ կրկին սուտ են եղել, իրականություն չեն դարձել: Այսպես, դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։ «Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։ Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից նշված՝ եկամուտների 60-70-տոկոսանոց աճը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատավարձերի աճն ու գնաճը գրեթե նույնն են, հետեւաբար պնդումը, թե աշխատողների ֆինանսական դրությունը բարելավվել է, քանզի աշխատավարձերի աճն ավելի մեծ է, քան գնաճը, իրականում մանիպուլյատիվ է: Իրականում վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0.25 տոկոսով, այլ ոչ թե 60-70 տոկոսով:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջազգային կազմակերպությունները, արեւմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռեւս ավագանու ընտրությունը  չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, եւ հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու: Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանից, որն ասաց, թե նման տեղեկություն չունի. «Ձեզնից եմ առաջին անգամ լսում»: Մեկ այլ պատգամավոր, կուսակցության վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Բնականաբար, եթե թեկնածուն մենք ենք առաջադրել, վստահություն ունենք, որ կհաղթի։ Բայց, ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ արած լինեն, որ մի հատ էլ «բողոքի նոտա» ստանանք դրա համար»: Նկատենք, որ արեւմտյան երկրների դեսպանները իրենց դժգոհությունները սկսել են արտահայտել հիմնականում ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո: Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը ժողովրդավար երկրների ներկայացուցիչների մոտ սկսվել է իշխող կուսակցության կեղծիքներից հետո:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 4-ին գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարար կնշանակվի ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Երեկ նշանակումը պաշտոնապես եղավ: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար: ՔՊ թիմում տարակուսել էին, թե ինչպես պետք է ոստիկանապետը ներկայանա ԱԺ նիստերին, պատասխանի հարցերին, երբ այսքան ժամանակ հրապարակային գործունեություն չի ծավալել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է, որ, նախ, որոշումը իրենն է, ապա բացատրել է, որ ներքին գործերի նախարարը պետք է համակարգին տիրապետող լինի, իմանա աշխատակիցների աշխատելաոճը, նրանց ով լինելը, իսկ համակարգին լավ տիրապետում եւ աշխատանքային երկար տարիների փորձ ունի հենց Վահե Ղազարյանը: ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պլանները ձախողվեցին թերեւս. նա ամեն ինչ անում էր, որպեսզի Ղազարյանը նախարար չդառնա: Ինչպես հայտնի է, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագիծը: Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

 

 

 

Նորանշանակ  գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանը պաշտոնավարման առաջին օրերից նախկին  եւ  ներկա պաշտոնատար անձանց մասով նոր քրեական վարույթներ է նախաձեռնում, ուստի  «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից  հետաքրքրվեց, թե ինչ փուլում է  գտնվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի առեղծվածը, եւ, առհասարակ, 9 ամիս տեւած քննության ընթացքում կա որեւէ մեղադրյալ այն մասով, թե ինչպես արգելանքի տակ դրված գույքը վաճառվեց: Ի պատասխան՝ գլխավոր դատախազությունից  մեզ հայտնեցին. «նախաքննության փուլում է, քրեական վարույթով մեղադրյալ չկա»: Հետաքրքիր է՝ ինչու Աննա Վարդապետյանը չի հրահանգում պարզել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի «գրպանային օլիգարխ» դարձած Նարեկ Նալբանդյանը, որ պետությունից «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, նաեւ այդ տարբերակով գնեց նախկին պաշտոնյայի՝ արգելանքի տակ գտնվող գույքը: Ապօրինի ծագման գույքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող Վարդապետյանը պետք է նաեւ այս վարույթով կոնկրետ հանձնարարականներ տար. արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեի  նախագահ Սասուն Խաչատրյանի՞ «մատն էր խառը», թե՞ նախկին դատախազ Արթուր Դավթյանն էր ծածկադմփոց արել գործը: Փաստ է, որ եթե  նախաքննական մարմինն այս ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, կհայտներ, սակայն քար լռություն է:

 

 




Լրահոս