Արցախի շրջափակումն ու Ադրբեջանի բռնապետական վարքագիծը տարածաշրջանային լայն ծրագրի մի առանձին բաղադրիչ է, իսկ այդ ծրագրի թիրախներից մեկն Իրանն է: Տեսակետն իրանագետ Վարդան Ոսկանյանին է, որ ArmLur.am-ի հետ զրույցում ասոuմ է՝ ակնհայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքն իր հեռավար ծրագրերում նպատակադրել է շրջափակել Իրանի հյուսիս-արևմուտքը:
Հետևաբար, շարունակում է Ոսկանյանը, հասկանալի է, որ Արցախում ընթացող գործողությունները նաև Իրանին են ուղղված: Ինչ վերաբերում է Արցախի շրջափակման մասով Իրանի քաղաքական շրջանակներից եկող արձագանքներին, ապա դրանք, իրանագետի գնահատմամբ, մեղմ ասած, զուսպ են:
Մեր զրուցակցի կարծիքով՝ պատահական չէր, որ Ադրբեջանի նախագահը իր կողմից հրավիրած մամուլի վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ, իբրև թե, իրանական բեռնատարները հայկական պետհամարանիշերով անցնում են Լաչինի միջանցքով ու օժանդակություն են տրամադրում Արցախի բնակչությանը: Հետևաբար, նկատում է, պարզ է, որ Ալիևն անհանգստացացած է հայ-իրանական համագործակցությամբ:
Ադրբեջան-Թուրքիա դաշինքը, Վարդան Ոսկանյանի համոզմամբ, չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ կամ Հայաստանի հանրապետության տարածքների բռնազավթմամբ: Այդ դաշինքն իր հեռավար ծրագրերում նախատեսում է նաև Իրանի հյուսիս արևմուտքի նկատմամբ նկրտումներ ունենալ: Իսկ խոսքն այն տարածքների մասին է, որ հազարմյակներ շարունակ Իրանի անքակտելի մասն են եղել:
Իրանագետ Ոսկանյանն ավելացնում է նաև, որ Ալիևը փորձում է Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներն Իրանի դեմ պլացդարմ վերածել՝ դրանք երբեմն անգամ Իրանի հակառոկորդ երկրներին, օրինակ, Իսրայելին տրամադրելով:
Սևակ Վարդումյան