ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի Դեմեր կոչվող տարածքում մի խումբ երիտասարդներ դանակահարել են միմյանց:

 

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դանակահության պատճառը եղել է Լաչինի միջանցքի փակման խոսակցությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երիտասարդները քաղաքական թեմաներից են սկսել խոսել, թե ինչ է անում այս իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու համար, երիտասարդներից մեկը հակադարձել է, թե ինչ անի, լավ է եղել, որ փակ է մնացել, մյուսները սկսել են քննադատել: Տղաների խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ սկսել են հարվածել միմյանց, ինչից հետո բանը հասել է դանակին: Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 5-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի Դեմեր կոչվող տարածքում գտնվող բացօթյա զրուցարանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Ա.-ն, 23-ամյա Մաքսիմ Ա.-ն, 33-ամյա Անդրեաս Ա.-ն, 23-ամյա Էրիկ Մ.-ն, 33-ամյա Արտակ Ա.-ն, եւ 29-ամյա Վահրամ Զ.-ն ընթրելիս են եղել. միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսել Հովհաննես Ա.-ի եւ Մաքսիմ Ա.-ի միջեւ, որի ընթացքում Հովհաննես Ա.-ն քարով հարվածել է Մաքսիմ Ա.-ի ոտքին, իսկ հետո փայտով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում Մայքսիմ Ա.-ն իր ձեռքում եղած ծալովի դանակով հարվածել է Հովհաննես Ա.-ի թիկունքի աջակողմյան հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային եւ մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի եւ մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։

 

ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՀՀ ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն ՀՀ քննչական կոմիտեի կազմում։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում եւ հաստիքացուցակում ավելացել է նոր՝ Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ վարչություններից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2023թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գեւորգյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը,

-ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։

Նույն հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին: Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաեւ նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։

 

 

ՎԱՐՈՐԴԸ

ՄԱՀԱՑԵԼ Է

Հունվարի 9-ին՝ ժամը 01:29-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ.՝ ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել ձորը. վարորդը եւ ուղեւոր Ն. Գ.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել են, իսկ ուղեւորներ Ռ. Գ.-ն (ծնված 1988 թ.) եւ Ծ. Ա.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիկակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ.Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային:

 

 

 

 

ԾԵԾԵԼ Է ՀՈՐԵՂԲՈՐԸ

Հունվարի 8-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետեւ հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել եւ տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հավելենք, որ ArmLur.am-ն ավելի վաղը հայտնել էր դեպքի մասին՝ նշելով նաեւ սպանության հավանական դրդապատճառը, որը եղել է սպանողի հայրիկին հայհոյելը:

 

 

 

 

6.

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ՏԱՐԱԿԱՐԳ

Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կշնորհվի տարակարգ, ավելին՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար կտրամադրվի: Այս որոշման նախագիծը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման։ Ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին կտրվի հավելավճար.

 

1) առաջին աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով,

2) երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի չափով,

3) երրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 300 տոկոսի չափով: Նշենք, որ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:

Որոշման այս նախագիծը մի շարք քաղաքացիների մոտ դժգոհություններ է առաջացրել։

Նրանցից Մարինե Հովհաննիսյանը պահանջում է ուսուցիչներին եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տարակարգ շնորհել մշտական. «Քանի որ տարակարգ ստացած մանկավարժը այդ 5 տարիների ընթացքում կատարելագործվում եւ մասնագիտական վերելքներ է գրանցում, 5 տարի հետո խրախուսանքը դադարեցնելը ճիշտ չէ։ Պահպանել ստացած տարակարգը, եթե մանկավարժը 5 տարիների ընթացքում չի դիմել ավելի բարձր տարակարգ ստանալու»։

Մեկ այլ քաղաքացի՝ Գոհար Ղազարյան անունով, ողջունել է նախագիծը եւ շնորհակալություն հայտնել «հրաշալի հնարավորության համար»՝ միաժամանակ նշելով հետեւյալը. «Մի առաջարկ-խնդրանք. որպեսզի տարակարգ ստանալու հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ունենան մանկավարժները, մասնակից մանկավարժների անունից կխնդրեմ սեմինար-հանդիպում անցկացնել»։

Քաղաքացիների մի հատված պահանջել է վերանայել տարակարգի բնութագրիչները, իսկ մի մասն էլ դրանք իրատեսական չի համարել։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս