ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տեւող հումանիտար ճգնաժամի հետեւանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական եւ տնտեսական բոլոր հետեւանքներով հանդերձ։

 

Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսեւորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի:

 

Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ եւ տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության եւ իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

 

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետեւանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից, եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որեւէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից:

 

Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները եւ նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:

 

Արցախի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի եւ եղբայրների կայացրած որոշմանը, եւ ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:

 

 

 

 

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԾԱԽՍԵՐ

 

Տավուշի մարզի խոշոր 3 համայնքներում՝ Իջեւանում, Բերդում, Նոյեմբերյանում, Ամանորի տոնակատարությունները համեստ են եղել, այդ նպատակով Երեւանից երգիչ-երգչուհիների չեն հրավիրել։ Բերդ համայնքի սահմանամերձ, հեռավոր Չինարի գյուղում 3-րդ տարին է, ինչ տարեմուտի հրավառություններ չեն կատարվում։ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ տարեմուտը Դիլիջան համայնքում  տոնել  են մեծ շուքով, քաղաքի փողոցները զարդարվել են տոնական լույսերով, քաղաքի կենտոնում տեղադրվել է մեծ տոնածառ, դեկտեմբերի 27-ին կայացել է  մեծ համերգ՝ մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգուհիների եւ դիջեյի մասնակցությամբ, տոնական համերգը հագեցած է  եղել ժամանակակից լուսային ձեւավորումներով։  2022թ. դեկտեմբերի սկզբին Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորանն ամանորյա միջոցառումների կազմակերպման հարցով զեկուցագրով դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին, համայնքի ավագանին 2022թ. դեկտեմբերի 1-ին որոշել է Դիլիջան համայնքի 2022թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 8 միլիոն դրամ հատկացնել ամանորյա միջոցառումներ կազմակերպելու համար։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված ավագանու այդ որոշումը տառասխալով է գրված՝ «ամանօրյա»։ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ  Հայաստանի Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ նշանակվել է  Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայքի ավագանու  ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից նա  ընտրվել է  Դիլիջան համայնքի ղեկավար։

 

 

 

 

 

ԳՈՂԸ ԲՌՆՎԵԼ Է

 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Հախոյանի դատավարությունը։ Դավիթ Համլետի Հախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, 2022 թվականի օգոստոսի 7-ին խմբով՝ քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Իջեւան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ին պատկանող «Կայարան»   օբեկտի պահպանվող սենյակ, որտեղից փորձել է գողանալ խոշոր չափերով՝ ընդհանուր 1 612 000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 104 հատ էլեկտրական կարգավորիչներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործել, քանի որ նույն օրը հիշյալ տարածքի պահակ Գարուշ Մարտիրոսյանը դեպքի վայրում հայտնաբերել եւ բռնել է նրան, իսկ հանցակիցը՝ ինքնությունը չպարզված համարվող անձը, դեպքի վայրից դիմել է փախուստի։

 

Դ. Հախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-254 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

 

ԳՆԱՃ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

 

Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնաճ է արձանագրել: Հանրապետության բոլոր քաղաքներում անցյալ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.1 տոկոսով: Երեւանում սպառողական գներն աճել են 1.1 տոկոսով: Թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացի գինը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 0.3 տոկոսով. մեկ տարվա ընթացքում հացը թանկացել է 14.3 տոկոսով:  Թանկացել է նաեւ ձավարը, հաճարը: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են 2.4 տոկոսով: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3 տոկոսով: Ձվի գինն է բարձրացել. հավկիթի շուկայում դեկտեմբեր ամսին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 6.6 տոկոս գնաճ: Կարագի եւ հրուշակեղենի գները եւս բարձրացել են: Կարագի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 4 տոկոսով, իսկ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, այն թանկացել է 0.3 տոկոսով: Ալյուրն է էժանացել 0.6 տոկոսով, բայց մեկ տարվա ընթացքում, հակառակը, այն թանկացել է 7.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ բրձնի, ոսպի, մակարոնեղենի, հնդկացորենի, ոլոռի, մարգարինի շուկաներում: Նշված ապրանքատեսակները նախորդ տարվա դեկտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել են, իսկ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, էժանացել, բայց՝ չնչին: Շաքարավազի շուկայում եւս գնանկում է արձանագրվել 0.1 տոկոսի չափով:  Արեւածաղկի ձեթն է էժանացել. այս շուկայում Վիճակագրական կոմիտեն արձանագրել է 2.1 տոկոս գնանկում: Բանջարեղենը բավականին թանկացել է. բանջարեղենի շուկայում Ամանորի նախաշեմին արձանագրված գնաճը կազմել է 13.7 տոկոս:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Forbes-ը Հայաստանին ճանաչել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, որն արժե այցելել։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով։ «Այն հիանալի բնապատկերների տուն է՝ ներառյալ Կովկասյան լեռները եւ Սեւանա լիճը, ինչպես նաեւ բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը եւ Հաղպատի վանքը, որոնցից մի քանիսը ճանաչել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Երկիրը հայտնի է նաեւ իր համեղ խոհանոցով՝ ներառյալ մի շարք անուշաբույր խոտաբույսեր եւ համեմունքներ: Եթե սննդի սիրահար եք, ապա ամեն ճաշի հետ բաց մի թողեք հայկական խաշը (հարուստ արգանակ), տոլման (խաղողի տերեւներով) եւ, իհարկե, տնական թթու վարունգը»,- ասվում է Հայաստանի նկարագրության մեջ։

 




Լրահոս