ՆՈՐ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվեց երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանսը։

Թատրոնի եւ կինոյի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Արեն Խաչատրյանը Armenian String Quartet-ի դասական երաժշտության կատարումների ուղեկցությամբ կարդացին աշխարհի ժողովուրդների հեքիաթները։

 

Միջոցառմանը տեղի ունեցավ «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ Ներկայացվեցին 7 հեքիաթներ, զուգահեռաբար գեղեցիկ տեսաշար, որը պատմում էր ընտրված երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասին։

 

Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան։

 

«Գրքի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ, արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Էստոնիայից։ Նրանց մի մասը սկսնակ արտիստներ են, մյուսներն աշխատում են շատ հայտնի ընկերությունների համար՝ ստեղծելով տարաբնույթ նկարազարդումներ։ Առանձնահատուկ շեշտեմ՝ համագործակցել ենք նաեւ հայ նկարազարդողի հետ»,-նշեց նա։

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ լրագրող, բանասեր, գրող, «Կային, չկային հեքիաթներ» գրքի հեղինակ Աննա Խրուստալեւան։ Վերջինս հատուկ այս միջոցառման համար եկել էր Հայաստան։ «Ժողովրդական հեքիաթները նման են գոհարների. թափառող սյուժեները դրանք կապում են միմյանց, բայց եթե ավելի ուշադիր նայեք, չեք գտնի երկու լիովին նույնական հեքիաթներ: Ազգային բնավորության մասին ոչինչ ավելի լավ ու միեւնույն ժամանակ ավելի բանաստեղծական չի պատմում, ինչպես հեքիաթը. չէ՞ որ ֆանտաստիկ սյուժեի եւ կախարդական պատկերների միջոցով այստեղ հստակ երեւում են մարդկային հիմնական սկզբունքները, բարոյականության նորմերը, աշխարհայացքը, կենցաղային յուրօրինակ կոլորիտը»,- նշեց հեղինակը:

 

 

 

 

 

ՏՈՆԵԼՈՒ ՈՉ ՄԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Հունվարի 10-ին ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը տոնում է ծննդյան 65-ամյակը: Դերասանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսնելով Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները՝ չի կարող տրամադրություն ունենալ եւ ուրախ լինել:

 

«Տոնելու ոչ մի տրամադրություն չունեմ: Գիշերը նշել եմ իմ ընտանիքի հետ: Ես իմ երազանքները փորձում եմ միշտ ի կատար ածել, հիմա, բնականաբար, ունեմ երազանքներ, որոնք կիրականանան»,- հակիրճ մեզ հետ զրույցում նշեց սիրված դերասանը: Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ եւ Եվգենյա Թոխատյանների ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ։ Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի։ Ներկայիս կինը Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Նրանք ունեն մեկ դուստր։ Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում եւ թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաեւ օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների եւ կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլեւ Ռուսաստանի Դաշնությունում։

 

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԿԻՆՈՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը, հայտնի են «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողները։ Արարողությունը հեռարձակել է NBC հեռուստաալիքը։ Եվ այսպես, Սթիվեն Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին The Fabelmans ֆիլմի համար: Ֆիլմում ռեժիսորը մասամբ նկարագրում է իր երիտասարդությունը: Կինոնկարը հաղթել է նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Օսթին Բաթլերը մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում Elvis ֆիլմում հանրաճանաչ արտիստին մարմնավորելու համար: Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը Tar ֆիլմում դերակատարման համար։ Բլանշետը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ մասնակցում է նկարահանումների Մեծ Բրիտանիայում։ «Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆարելը The Banshees of Inisherin ֆիլմի համար: Տրագիկոմեդիայի գործողությունները տեղի են ունենում իռլանդական կղզում: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաեւ որպես լավագույն կատակերգություն/մյուզիքլ, իսկ սցենարի հեղինակ Մարտին Մակդոնան եւս «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել: «Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասանուհի է համարվել Միշել Յեոն Everything Everywhere All At Once ֆիլմի համար: Այն գիտաֆանտաստիկ կատակերգություն է: «Լավագույն մուլտֆիլմ» է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն: Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել House of the Dragon-ը: Մեւին Քոսթները «Ոսկե գլոբուս» է ստացել սերիալի լավագույն դերասան անվանակարգում Yellowstone սերիալում խաղալու համար։ Սեսիլ Բ. Դե Միլլի հեղինակավոր մրցանակը, որը տրվում է կինեմատոգրաֆիայի բնագավառում գրանցած հաջողությունների համար, տրվել է Էդի Մերֆիին:

 

 

 

ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին եւ այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների եւ երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչեւ 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչեւ 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչեւ հինգհոգանոց խմբի անդամները՝ հետեւյալ միջոցառումներին մասնակցելու համար.

 

-միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,

 

-միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,

 

-միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,

 

-միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,

 

-միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,

 

-միջազգային ստարտափ ծրագրեր:

 

2022 թվականին փոխհատուցում ստացել են 15 երիտասարդներ՝ 3 773 930 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամին համարժեք:




Լրահոս