ՀՅԴ 3 ԱՆԴԱՄՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերեւույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները:

 

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված՝ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ, Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն քննությանը հետաքրքրող մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով։

ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնի եւ Ոստիկանության ծառայողների համագործակցված եւ համակարգված ծավալուն գործողությունների արդյունքում նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ.Մ.-ի եւ Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա.Մ.-ի միջեւ։

Պարզվել է, որ խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն եւ նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել են նաեւ ձայնագրության մեջ նշվող այն անձանց ինքնությունը եւ տվյալները, որոնց միջոցով կարող էր կազմակերպված լինել վերոնշյալ գործընթացը։ Դատարանի համապատասխան որոշման հիման վրա՝ այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ Արարատի մարզի տարբեր համայնքներում գտնվող բնակարաններում 2023թ. հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաեւ քննչական եւ վարութային այլ գործողություններ։

Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական եւ անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաեւ դրանից հրաժարվելու վերաբերյալ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ առերեւույթ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու, դրան առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Երեկ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով կալանքի տակ են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, իսկ, ահա, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ազատության մեջ է: Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը երկու ամիս եւս կշարունակի մնալ կալաքի տակ: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի վերջին դիմել է դատարան գեներալի կալանքը երկրացնելու միջնորդությամբ, ինչը դատարանը բավարարել է, եւ նա կշարունակի մնալ կալանքի տակ:

Գրել էինք, որ Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել:

Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հավելենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 14:30­ի սահմաններում, գտնվելով Երեւան քաղաքի Չեխով փողոցի 52/46 հասցեում գործող «Աուստելեկոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չինար» սուպերմարկետում, նշված սուպերմարկետի խմիչքների համար նախատեսված տաղավարից գաղտնի հափշտակել է 0.7մլ. տարողությամբ 1 շիշ 52.200 ՀՀ դրամ արժողությամբ «Դվին» տեսակի կոնյակ եւ 0.7մլ. տարողությամբ 1 շիշ 20 տարեկան հնեցմամբ, 30.600 ՀՀ դրամ արժողությամբ «Նաիրի» տեսակի կոնյակ՝ «Չինար» սուպերմարկետի խմիչքների պատասխանատու Նինա Հայրապետյանին պատճառելով ընդհանուր 82.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ԴԵՊՔ

2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաեւ վնասվել է դարպասը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը, եւ արձանագրվել են վնասվածքները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը: Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով եւ առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները եւ վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։




Լրահոս