«ՀՈԳԵՊԵՍ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԶԳԱՑԻ». ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում եւ Հայաստանում զարգացող իրադարձությունների շուրջ  ArmLur.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն  է հայտնել քառօրյա պատերազմի  հերոս Ադամ Սահակյանի մայրիկը՝ Գայանե Սահակյանը:

 

«Հոգեպես դատարկություն, վիրավորանք զգացի, երբ իմացա, որ ադրբեջանցիներն այս անգամ էլ ստորաբար փակել են Արցախ-Հայաստան կապող միակ ճանապարհը: Արդեն մեկ ամիս է, ինչ փակ է ճանապարհը, հետեւանքներն անկանխատեսելի կարող են լինել՝ չնայած այն հանգամանքին, որ ինձ նման բազմաթիվ ծնողներ ցանկանում են, որպեսզի շուտափույթ լուծում ստանա այս խնդիրը, քանի որ մեր հոգում կիսով չափ դատարկություն է տիրում. այնտեղ են նահատակվել մեր որդիները: Ադամը մինչ ծառայությունը երբեւէ Արցախում չէր եղել, բայց անսահման նվիրում եւ սեր կար իր մեջ: Արցախը մեր երկրորդ հայրենիքն է, տունն է, Ջրականը, Աղդամը, որտեղ ծառայել եւ զոհվել է իմ որդին, մեր որդիները, եւ հիմա այդ տարածքները գտնվում են թշնամու ձեռքում, ինչը մեզ համար շատ ցավոտ է: Այն գիտակցումը, որ քո որդու արյունով պահված դիրքերն այլեւս մերը չեն, սարսափելի է»,- նշեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախը Հայաստանի անվտանգային գոտին է: Սա իրական կյանք է, որտեղ սեւագիր չեն գրում:

«Մենք պետք է մեր բոլոր որոշումներում լինենք շատ լուրջ ու խոհեմ: Եթե իմ ձայնը կարող է հասնել միջազգային որեւէ ատյանի, ապա խնդրում եմ  քայլեր ձեռնարկել գոնե այն մանուկների համար, որոնք գտնվում են իրենց տնից հեռու»,- ընդգծեց տիկին Գայանեն:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը:

Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր. նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում էլ տեղի է ունեցել հակառակորդի հարձակումը։

Սերժանտը իր ծառայակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչել է թշնամու դեմ՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Ադամն ընկել է հերոսի մահով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում մարմնին եւ դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ չի զբաղվում իր կարիերայով: Այս մասին Մարին խոսել է նաեւ «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում առկա հարց ու պատասխանի ժամանակ: Այն հարցին, թե արդյոք Մարին շարունակելու է երգչուհու կարիերան, թե ոչ, նա հստակ պատասխանել է. «Երգչուհու կարիերան՝ ոչ, բայց երբեմն կերգեմ»: Նշենք, որ Մարին արդեն երկար տաիներ է, ինչ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: Երգչուհին ամուսնացել է 2021 թվականին: Զույգը պսակադրվել էր Օձունի վանական համալիրում: Մարի Ավանեսյանի ամենահայտնի երգերից է «Սեւ դառը սուրճ»-ը, որով մինչ այսօր հիշում են նրան որպես երգչուհի:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՕՐԻՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանն ու դերասան Ավո Խալաթյանը 16 տարի համատեղ ապրելուց հետո վերջապես որոշել են օրինական գրանցել իրենց ամուսնությունը: Զույգը երջանիկ օրվա հետ կապված լուսանկար է հրապարակել:

Նշենք, որ Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն ունեն երկու զավակ՝ Հենրին եւ Էլիզաբեթը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Tata Steel ՄՐՑԱՇԱՐ

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը, որն այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, կմասնակցի Tata Steel մրցաշարին:

Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն եւ այլոք:

Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին եւ կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից:

Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաեւ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

 

 

 

 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆՏՐԱՆԻ

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2022 թվականի աշխարհի հավաքականը: Նախորդ տարվա ընտրանին ունի հետեւյալ տեսքը`

l դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ»),

l պաշտպաններ՝ Աշրաֆ Հաքիմի (Մարոկկո, ՊՍԺ), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»), Վիրջիլ Վան Դեյկ (Նիդերլանդներ, «Լիվերպուլ») եւ Ալֆոնսո Դեյվիս (Կանադա, «Բավարիա»),

l կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Կեւին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Լեո Մեսի (Արգենտինա, ՊՍԺ),

l հարձակվողներ՝ Էրլինգ Հալանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ») եւ Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ):

Ավելի վաղ IFFHS-ի վարկածով անցած տարվա լավագույն մարզիչը Լիոնել Սկալոնին էր ճանաչվել, իսկ ֆուտբոլիստը` Լիոնել Մեսին:

 




Լրահոս