Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի մասնակիցները՝ վարչապետի գլխավորությամբ, հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ողբերգական դեպքի մանրամասներին, պատասխանատուների կողմից ներկայացվել են պարզաբանումներ: Ստորեւ ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ժողովուրդ, գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող: Իհարկե, գիշերվանից աշխատում ենք՝ դեպքի հետ կապված, Պաշտպանության նախարարի հետ մասնավորապես: Պարո՛ն Պապիկյան, ներկայացրե՛ք նախնական տվյալը՝ ինչ է տեղի ունեցել»:
Պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյան
«Պարո՛ն վարչապետ, նախնական տվյալներով՝ մասնավորապես՝ Ռազմավան ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
«Բնականաբար, այն բանից հետո, երբ պարզ էր արդեն անշրջելի հետեւանքների վերաբերյալ, առաջին հարցը, որ ծագում էր, հետեւյալն է. պետք է պարզաբանել՝ ով եւ ինչ չի արել: Պիտի արձանագրեմ, որ մենք պարզեցինք հետեւյալը, չնայած պարզելու շատ բան էլ չկար. ինչպես նախարարը նշեց, պարո՛ն Քյարամյան, Դուք է՞լ եք հաստատում, Քննչական կոմիտեի տվյալներով է՞լ է, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է եւ հնարավոր չի եղել մարել:
Քննչական կոմիտեի նախագահ
Արգիշտի Քյարամյան
«Այո, պարոն վարչապետ: Գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել, դեպքի առթիվ հարուցվել է, նախաձեռնվել է վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ: Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, որոնք ողջ գիշեր աշխատել են: Ներգրավվել են նաեւ փորձագետներ, եւ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավական հիմնավորվել է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
«Շատ լավ: Պարզել ենք նաեւ, որ, ըստ էության, Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց, իհարկե, հեռավորությունը բավական մեծ է եղել, եւ այդ հեռավորության պայմաններում պատշաճ ժամկետում տեղ է հասել: Բայց ուզում եմ շարունակել միտքը. պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետեւյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին», եւ հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար:
Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»: Այսինքն՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրամանն է, եւ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը: Բայց մենք ի՞նչ ենք պարզում: Պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել (պիտի այսօր ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են), այլեւ փորձ է արվել վառարան օգտագործելու համար: Ընդ որում՝ նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված եւ այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5-լիտրանոց տարայով (կրկին եմ ասում՝ նախնական, քննությունը մնացածը կպարզի) փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել: Հույս ունեմ, որ, իհարկե, նախաքննությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն եւ ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները:
Բայց նաեւ ուզում եմ ասել հետեւյալը, որ երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում Զինված ուժերի տարբեր մարտական դիրքերով եւ ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը Պաշտպանության նախարարին եւ պայմանավորվածությունը եղել է հետեւյալը. մեր ավանդական մոտեցումը, որ, այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվենք, պետք է ուղղակի դադարեցնենք, եւ այն ժամանակ ես հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ եթե ծառայությունը, կարգապահությունը պատշաճ իրավիճակում չէ, պետք է հետեւի կոնկրետ պատասխանատվություն: Այդ առումով ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան եւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը: Բայց նաեւ հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետեւանքներ լինեն: Պարոն նախարար, զեկուցե՛ք, թե այդ առումով ինչ եք արել:
Պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյան
«Պարո՛ն վարչապետ, զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաեւ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ- կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ – կորպուսի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով, այնուհետեւ N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, N զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար եւ Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ»:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Հունվարի 13-ին՝ ժամը 16:45-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով, սալջարդով ու մարմնի տարբեր մասերի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Նոր կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ մետաղյա ձող է մտել ոտքը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա վնասվածքները ստացել էր գյուղի Արարատյան փողոցում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը դանակով երկու անգամ խփել էր 34-ամյա տղամարդու ոտքին:
23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար
Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել եւ ստացել է կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ուղեւորափոխադրումներն Արմավիրի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն եւ Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնյայի հետ: Վերջինս, քաջատեղյակ լինելով Արմավիրի մարզի մի շարք վարորդների կողմից յուրաքանչյուր օր Արմավիրի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երեւանի կենտրոնական ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ առանց համապատասխան լիցենզիայի առկայության ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնելու մասին, կաշառք ստանալու դիմաց չի արձանագրել վարչական իրավախախտումները:
Արդյունքում Ս. Հ.-ն եւ Գ. Ե.-ն 2021թ. դեկտեմբերից 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել եւ Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022թ.) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին եւ Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:
Ա. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, եւ նյութերն ուղարկվել են դատարան:
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն. այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: