Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը: Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:
Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով իրավական ակտերում համապատասխան կարգավորումների բացակայությունը, ինչպես նաեւ բուհերի կառավարման արդյունավետությունը եւ հետագայում փակուղային իրավիճակներում չհայտնվելու հնարավոր ռիսկերը: Նմանօրինակ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են նաեւ մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի եւ մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Նախաձեռնված քայլերի մասին պաշտոնական գրությամբ իրազեկվել է կանոնադրության ուժով բուհի ղեկավարի պարտականությունները կատարողը, ում առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ կնքել ֆինանսական միջոցների տրամադրման համապատասխան պայմանագիր:
Միաժամանակ նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման եւ ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:
Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը պայմանավորված է լինելու դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքից: Հիշեցնենք, որ 09.12.2022 թ. տեղի ունեցած «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործը, կիրառվել է հայցի ապահովման միջոց:
ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐ՝ ԱՊՐԻԼԻ 29-ԻՑ
Սոֆիայի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթների մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից. հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։ Մինչեւ հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի եւ կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին։
Հաղորդվում է, որ Երեւանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը եւ Ռիադը:
Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարեւորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը եւ ավիաընկերությունները, այլեւ դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ: