ՀԱԱԳԱՅՈՒՄ ՔՆՆՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանը երեկ սկսել է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի քննությունը։ Դրանում հայկական կողմը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում իրականացվող գործողությունները որակել է «էթնիկ զտմանն ուղղված աղաղակող գործողություն»։

 

Պաշտոնական Երեւանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ հատուցել պատճառած վնասը։ Նմանատիպ մի գանգատ էլ Հայաստանի դեմ այդ նույն ատյան է ներկայացրել Բաքուն՝ իր հերթին պահանջելով ճանաչել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի խտրական վերաբերմունքը։

«Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում ներկայացված Երեւանի դիմումում տեղ գտած պահանջները, ընդհանուր առմամբ, վերաբերում են «Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի եւ հայկականության նկատմամբ տարվող ատելության եւ խտրական վերաբերմունքի հետեւանքով առաջացած խախտումների արձանագրմանը»։

«Շրջափակման ամբողջական վերացումից եւ հանրային ծառայությունների մատուցման անխոչընդոտ վերսկսումից բացի, որեւէ այլ քայլ չի կարող թեթեւացնել այն զրկանքները, որոնք կրում են այս դաժան շրջափակման զոհերը», – Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսը։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանին դիմելով, խնդրեց հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն 50 օր շրջափակված Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ երկկողմ տեղաշարժը, ինչպես նաեւ անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։ Այս պահանջը հայկական կողմը 4 օր առաջ հրատապ կարգով է ավելացրել իր դիմումում։

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջեւ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ եւ սովամահ լինել», – հայտարարել է Կիրակոսյանը՝ շարունակելով: – Նախագահ Ալիեւը դա հստակ է դարձրել: Նա բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, եւ որ այսուհետեւ ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»։

Ավելի քան մեկ ամիս առաջ մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների եւ ճանապարհին առանց սննդի եւ գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաեւ վերականգնել գազամատակարարումը։ Ադրբեջանը անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաեւ այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։

«Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, այլոք նման ճակատագրի արժանանալու վտանգի առջեւ են։ Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների եւ բժշկական պարագաների էական պակաս կա… Մանկապարտեզները, դպրոցները փակ են, երեխաները 50 օր բաժանված են ընտանիքներից», – նշել է Հայաստանի ներկայացուցիչը։ Հումանիտար աղետի ողջ ծավալը ներկայացնելով՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ շրջափակումը, գազի եւ հոսանքի մատակարարման խափանումներն արվում են հատուկ. «Մի քանի օր առաջ, ինչպես ասաց Ալիեւը, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ճանապարհը բաց է, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, նրանք կարող են գնալ խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մտնել, բայց կարող են դուրս գալ Ղարաբաղից։ Հարգելի՛ դատավորներ, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն, եւ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում ԱԺ ղեկավարությունից: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր պարգեւ պահանջողների ցանկը եւ նշել, որ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ֆինանսական սուղ պայմաններում զինվորներին խրճիթում պահող իշխանության խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, ինչպես նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ Էմմա Պալյանի, Ծովինար Վարդանյանի եւ Արեն Մկրտչյանի օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւ են պահանջում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգնականները դիմել են ԱԺ նախագահին եւ աշխատակազմի ղեկավարին՝ պարգեւավճար ստանալու պահանջով: Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են մի բան, որն օրենքով հասանելի չէ իրենց, այլ միայն պետծառայողներին՝ որպես պրոֆեսիոնալների է հասանելի տարվա մեջ 2 անգամ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է այլեւս պահուստային ֆոնդից պարգեւավճար տալ պատգամավորների օգնականներին, այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:

Նկատենք, որ այս պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջում այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 19-ին, հրդեհի զոհ դարձան 15 զինվոր կացարանի անմխիթար պայմանների պատճառով։

 

 

 

 

ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հրատապ քննարկում է նախաձեռնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի առաջին օրը՝ երեքշաբթի տեղի կունենա: Հրատապ քննարկման թեմաները, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» կլինեն:

Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների պահանջով՝ հրավիրվող հրատապ քննարկման թեմայի ներկայացուցիչը Գեղամ Մանուկյանն է: Հիմնավորման մեջ նշված է, որ «թեմայի էությանը համապատասխան՝ առնվազն պարտադիր է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկույցը»: Ընդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը:

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջի, անկախ իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցանկության, հրատապ քննարկումը պետք է տեղի ունենա:

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

«Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ լսումներն անցկացվելու են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ:

Լսումները կմեկնարկեն ժամը 11։00-ին ԱԺ նիստերի դահլիճում:

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ ՄՈՍԿՎԱ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորների հետ ՌԴ կմեկնի նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Տեղեկացանք, որ, բացի գիշերակացի գումարից, որ հրավիրող կողմն է հոգալու, գործուղման հետ կապված մյուս բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեի հաշվին են կատարվելու։

 

 

 

 

ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Հայաստանի տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը, եւ կարգելվի այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արգելված սննդային հավելումների ցանկում ավելացնել E 128 (կարմիր 2G) սննդային հավելումը: Ի դեպ, կարմիր 2G-ն հաճախ ավելացվում է երշիկեղենին եւ պահածոներին: Նշենք, որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։ Ի դեպ, նշենք, որ սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել՝ պարզելու E128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն, եւ այն պոտենցիալ քաղցկեղածին է: Եվրոպական հանձնաժողովի՝ 2007 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ՝ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելումի օգտագործումը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2007 թվականից նշված սննդային հավելման ներմուծումը եւ օգտագործումն արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

 




Լրահոս