Այսօր Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով անցնող սպային վիրահատելու են: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ վիրահատելու են ձեռքերը, որից հետո վերջինս պատրաստակամություն է հայտնել չորեքշաբթի օրը ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 15 զինծառայողների գործով նշանակել է թմրաբանական փորձաքննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»:
Իսկ հիմա կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:
Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել:
Քնար Մանուկյան