Մասնագետների միջազգային խումբը պարզել է աղի չարաշահման բացասական ազդեցությունն իմունային համակարգի վրա։ Հետազոտությունն իրականացրել են VIB-Ugent բորբոքման հետազոտությունների կենտրոնի եւ Բելգիայի Հասելթի համալսարանի, ինչպես նաեւ Գերմանիայի Մաքս Դելբրյուքի կենտրոնի գիտնականները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շատ աղ օգտագործող մարդկանց համար մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Նոր հետազոտությունում հեղինակները կենտրոնացել են աղի այլ վտանգների վրա։ Դիտարկվել են կարգավորող Т-բջիջները (Treg), որոնք իմունային համակարգի կարեւոր մասերն են։ Այդ մարմիններն օգնում են պահել օրգանիզմի նորմալ ֆունկցիայի եւ խիստ բորբոքման միջեւ հավասարակշռությունը։
Գիտնականների կարծիքով՝ Treg-ների աշխատանքում տեղի ունեցող փոփոխությունները կապված են աուտոիմունային հիվանդությունների առաջացման, օրինակ՝ ցրված սկլերոզի հետ։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նատրիումի ավելցուկը կարող է ազդել Т-բջիջների ֆունկցիայի վրա՝ առաջ բերելով աուտոիմունային ֆենոտիպ։ Բայց թե ինչպես էր աղն ազդում իմունային մարմինների վրա՝ հայտնի չէր։
Պարզվել է, որ նատրիումը խախտում է Treg-ների աշխատանքը՝ փոխելով բջջային մետաբոլիզմը միտոխոնդրիումների կողմից էներգիայի արտածումն արգելակելով։ Հենց այդ մեխանիզմն է հանգեցնում փոփոխությունների գեների էքսպրեսիայում, որոնք արդյունքում առաջ են բերում աուտոիմունային վիճակներ։ Միտոխոնդրիումների ֆունկցիայի անգամ կարճաժամկետ վատթարացումը երկարաժամկետ հետեւանքներ է ունեցել Т-բջիջների աշխատունակության վրա՝ տարբեր փորձնական մոդելներում։
Հեղինակները եկել են այն եզրակացության, որ նատրիումը կարող է լինել Treg-ների դիսֆունկցիա առաջացնող գործոն՝ առաջ բերելով հիվանդություններ։ Բայց այս միտքը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Բացի այդ, Т-բջիջները որոշակի դեր են խաղում ուռուցքաբանական եւ սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ, ուստի նատրիումի առաջացրած էֆեկտների հետագա ուսումնասիրումը կարող է առաջարկել նոր տարբերակներ իմունային մարմինների ֆունկցիայի փոփոխության համար՝ տարբեր վիճակների դեպքում։