ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Ալյանս» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, որ իր կուսակցությունը մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին: «Ալյանս»-ը մայրաքաղաքային ընտրություններին մասնակցելու է դաշինքով, իսկ թե որ քաղաքական ուժի հետ, Տիգրան Ուրիխանյանը դեռ չի ցանկանում փակագծեր բացել, բայց խոստանում է, որ դաշինքը լինելու է շատերի համար անսպասելի եւ հետաքրքիր:

 

-Պարո՛ն Ուրիխանյան, հայտարարել եք, որ ձեր կուսակցությունը մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին. ի՞նչ ձեւաչափով է լինելու մասնակցությունը, ո՞վ է թեկնածուն լինելու:

-Ամենայն հավանականությամբ, ձեւավորվելու է մի շատ յուրահատուկ ու հզոր դաշինք՝ գրեթե բոլորի համար անսպասելի. կարծում եմ՝ նաեւ լիարժեք հաղթանակի հավակնող դաշինք է լինելու: Իսկ թե ով է լինելու թեկնածուն, այդ ժամանակ էլ կհայտարարվի:

-Ո՞ր քաղաքական ուժի հետ եք դաշինք կազմելու:

-Մի քանի օրից կուսակցության եւ վարչության նիստ ենք ունենալու, քննարկումներ ենք ունենալու մեր գործընկերների հետ, որից հետո կհայտարարվի սպասվող նոր դաշինքի մասին: Ասում են՝ արհեստականորեն շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, այսինքն՝ մայրաքաղաքային ընտրությունները կարող են անցկացվել արտահերթ եւ շատ ավելի վաղ, քան սպասվում է, ուստի կհայտարարենք անակնկալ ու հետաքրքիր դաշինքի մասին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

-Բազմից խոսել եմ այս մասին եւ՛ Ազգային ժողովում նախկին երկու գումարումների ընթացքում, այս իշխանության գոյության ընթացքում, եւ՛ խորհրդարանից դուրս: Կործանարար է այս իշխանության վարած քաղաքականությունը. Արցախն արդեն կործանել են, կփրկի միայն հրաշքը, իսկ Հայաստանը մոտեցել է եզրագծին, փրկությունը հրատապ իշխանափոխությունն է:

-Իշխանության քայլերը Արցախում ստեղծված ճգնաժամը լուծելու ուղղությամբ բավարար գնահատո՞ւմ եք: Եթե Դուք լինեիք իշխանության, ինչպե՞ս կվարվեիք:

-Իշխանության քայլերի բավարար լինելու մասին խոսելը, կարծում եմ, նույնիսկ տեղին չէ. իշխանության քայլերը բավարար են միայն իրենց մանկահասակ մակարդակի չտեսությունը բավարարելու համար, լավ, ճոխ-ճոխ առանձնատներ, մեքենաներ ու բիզնեսներ գնելու համար: Իսկ թե ինչպես կվարվեի, եթե իշխանության լինեի, չեմ կարող ասել, քանզի վաղուց արդեն որեւէ նպատակ եւ ցանկություն չունեմ իշխանության գալու:

-Այս ընթացքում փորձե՞լ եք հանդիպել Փաշինյանի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը:

-Եթե Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն լիներ, կմնայի արտախորհրդարանական կոչված կուսակցությունների կազմում եւ քննարկումների կմասնակցեի: Իսկ Փաշինյանի հետ քննարկելու մի բան կա՝ քանի րոպեից է հրաժարական տալու. ուրիշ քննարկելու բան չկա, սրանով ամեն ինչ ասված է: Բոլոր ջանքերս ու հնարավորություններս, ռեսուրսներս, իմ կուսակցության աշխատանքները ուղղված են լինելու գործող իշխանության փոփոխությանը եւ նրանց իշխանություն բերածներին քաղաքականությունից դուրս շպրտելուն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՈՒ Է ԱՆՈՒՄ

«Զավեշտալի է. նույն այս իշխանությունը կառավարության նիստում օտարման էր ներկայացրել 71 ռազմական օբյեկտ, որը ՊՆ-ի բալանսում էր, հիմա էլ Սեյրան Օհանյանին են մեղադրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությանը: «Սա բացահայտ ցույց է տալիս, որ այս իշխանությունների համար քննարկման առարկան ոչ թե բուն իրավական գործընթացներն են կամ առաջացած խնդիրները, այլ իշխանությունը փորձում է հերթական անգամ խորհրդարանում շոու իրականացնել»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող այս գործընթացը Զինված ուժերում արձանագրված ողբերգությունները եւ տապալումները որեւէ ձեւով «մասկիրովկա» անելու եւ սլաքները այլ ուղղությամբ տանելու համար են: «Չկա բովանդակություն, չկա հիմք. քաղաքական մոտիվներ ունեցող գործընթաց է, որին որոշել են իրավական փնթի ձեւակերպումներ տալ»,-ասաց նա:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի դիմաց էին գտնվում բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սեւազգեստ մայրերը։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք հանդիպում են պահանջում ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, այնպես էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ ԱԺ նախագահի օգնականը ծնողներին խոստացավ, որ վաղը Ալեն Սիմոնյանը կհանդիպի նրանց, իսկ դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն այնտեղ էր, սակայն ծնողների հետ չխոսեց։ Ծնողները զայրացած են, ասում են, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս նա իր ելույթում նշել էր, թե այս գործերի բացահայտումը դժվար չէ։ Եվ հիմա ծնողները բացատրություն են պահանջում, թե ինչու մինչեւ այժմ գործերը չեն բացահայտվել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում կընդունի զոհվածների ծնողներին եւ կլսի նրանց:Դատախազ Աննա Վարդապետյանը դեռեւս չի արձագանքել ծնողներին:

 

 

 

 

ԿԵՆԹԱՐԿԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, եւ օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել եւ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով։ ԱԺ օրակարգում կան այլ հարցեր եւս, որոնք կարեւորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երեւանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երեւանի ավագանին ունենալու է նոր գործառույթ եւ կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երեւանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաեւ փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Սա նշանակում է, որ որեւէ հանրահավաք գուցե քաղաքային իշխանության սրտով չլինի, եւ վերջինս տուգանի կազմակերպիչներին:

 

 

 

 

ԳԱՂՏԱԳՈՂԻ ՏԱՐԱՆ

Մշտապես թափանցիկությունից խոսող եւ դրանով հպարտացող իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտի գլխավոր դատախազին (որն առիթը բաց չի թողնում զեկուցել իր գործերը վարչապետին) լրագրողներից թաքուն են պահում։ Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում զեկուցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը։ Նրան խորհրդարան բերեցին եւ ապա դուրս հանեցին ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, այսինքն՝ լրագրողների համար անհասանելի տարածքով։ Ընդգծենք, որ խորհրդարանում երկար տարիներ, նաեւ հեղափոխությունից հետո ավանդույթ է, որ նման դեպքերում պաշտոնյաներին ուղեկցում են գլխամասային հանձնաժողովների նախագահները, այսինքն՝ այս դեպքում Վարդապետյանին պետք է ուղեկցեր Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Այս անգամ դատախազը որոշել է հեռու մնալ լրագրողաշատ միջանցքից։ Ընդգծենք՝ այս ավանդույթը եղել է նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում, երբ վերջինս եկել էր խորհրդարան նման  միջնորդություններով կամ տարեկան զեկույցներով։ Նրան հենց Վարդանյանն էր ուղեկցում,  իսկ նիստերից հետո էլ նա սովորություն ուներ ճեպազրույց տալ լրագրողներին։ Փաստորեն, թափանցիկությունից խոսող իշխանությունում իրավիճակ է փոխվել։

 

 




Լրահոս