ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Արցախի կառավարությունը, ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի, դրամահավաք է կազմակերպում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունից: «Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ արհեստածին մարտահրավերները»,- նշված է հայտարարության մեջ: Ցանկացողները նվիրատվությունները ՀՀ դրամով կարող են կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Էլիտար շենքի բնակիչները կայանատեղիի արգելափակոցը բացելու համար ազդանշաններ են տալիս ու խանգարում անդորրս. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Ռոբերտ Սաֆարյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման իրավիճակում, եթե վարորդները ձայնային ազդանշանները տալիս են գիշերային ժամերին՝ 23։00-ից հետո մինչեւ 07։00-ն, եւ դա հանգեցնում է քաղա­քացիների անդորրի խանգարման, սահմանված է վարչական պատասխանատվություն։ Գիշերային ժամանակ (ժամը 23։00-ից մինչեւ 7։00-ն, բացա­ռությամբ այն դեպքերի, երբ լռությունը խախտվում է հասարակական օբյեկտների աշխատողների կողմից) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտո­ֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրա­ժեշտության հետ, ինչպես նաեւ այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում: Նախազգուշացման կիրառումից հետո նույն անձի կողմից գիշերային անդորրը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում տվյալ անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ 40.000 դրամի չափով։

ՀՀ Ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ճանապարհային երթեւեկության կանոնների 136 կետի՝ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն.

-բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար,

-այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Տանը պանիր եւ այլ սննդամթերք եմ պատրաստում։ Ո՞ւմ դիմել վաճառելու թույլտվության համար:

Հասմիկ Պապիկյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ անհրաժեշտ է, որ ունենաք նման գործունեություն ծավալելու համար իրավաբանական ձեւակերպում, այսինքն՝ հաշվառվեք որպես Ա/Ձ կամ հիմնադրեք ՍՊԸ։ Ա/Ձ հաշվառվելու համար բավարար է միայն անձնագրով մոտենալ իրավաբանական անձանց պետական ռեգիստր եւ տեղում կատարել 3000 դրամ վճարում։ Իրավաբանական ձեւակերպում ստանալուց հետո անհրաժեշտ է նախ որոշել տեսականին, թե ինչ տեսակի պանիրներ կամ այլ սննդամթերք եք պատրաստելու։ Տեսականին որոշելուց հետո անհրաժեշտ է յուրաքանչյուր տեսակից մեկական նմուշ ներկայացնել ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչություն, որպեսզի դրանք անցնեն համապատասխան ստուգում, որից հետո Ձեզ կտրամադրվի համապա­տասխան ստուգման հավաստագիր՝ յուրաքանչյուր տեսակի համար։ Ստուգման կենթարկվեն ինչպես Ձեր կողմից սննդամթերքը պատրաստելու եղանակները եւ պայմանները, այնպես էլ Ձեր կողմից պատրաստվող սննդամթերքի որակն ու անվտանգությունն առողջության համար։

ՀՀ սննդի անվտանգության տեսչություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ կառավարությունը սահմանել է կաթնամթերքի արտադրության համար նվազագույն պահանջներ, որոնց պետք է համապատասխանի արտադրությունն ու պատրաստվող սննդամթերքը, եւ ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությունը հենց այդ պահանջներով է առաջնորդվում ստուգում իրականացնելիս։ Խորհուրդ է տրվում, որ մինչեւ ստուգման դիմելը ծանոթանաք սահմանված պահանջներին եւ դրանց համապատասխանեցնել Ձեր արտադրությունը։

 




Լրահոս