Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հոխորտանքներն Արցախի և հայ ժողովրդի հասցեին հերթական անգամ ապացուցեցին, որ նա որևէ կերպ չի կարող գործ ունենալ Արցախի ժողովրդի, նրա անվտանգության և իրավունքների ապահովման հետ։ Մյունխենում Ալիևը բացահայտորեն սպառնաց Արցախում բնակվող ավելի քան 120 հազար հայությանը։
Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախի հերոսական ժողովուրդը, սարսափելի զրկանքների գնով՝ շրջափակման պայմաններում, հոսանքի, գազի, պարենի սակավությամբ կամ նույնիսկ բացակայությամբ, գործնականում ապացուցում է, որ կյանքի գնով պահելու է հայկական պետականությունը։ Արցախցիների համառ դիմադրությունը պետք է համատեղվի պաշտոնական Երևանի հստակ մոտեցմամբ՝ վճռականորեն մերժելու Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ Արցախի մուտքի մոտ, ադրբեջանական հսկիչ- անցագրային կետ դնելու պահանջը։ Ադրբեջանցի սահմանապահը երբևէ չպետք է իրավունք ունենա հսկելու արցախցու ելումուտը հայրենի տուն։
Միաժամանակ, խիստ վտանգավոր եմ համարում Ալիևի այն պնդումները, ըստ որոնց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու Արցախի հարցը տարբեր հարթություններում են։ Չնայած մենք դեմ ենք այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուն, սակայն անգամ եթե նախատեսվում է, ապա պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի կարգավիճակի, այնտեղ ապրող հայության, նրանց անվտանգության երկաթյա երաշխիքների տրամադրման մասին դրույթների։ Առանց Արցախի հարցի քննարկման՝ հայ-ադրբեջանական երկխոսություն պարզապես չի կարող լինել։ Ավելին՝ այդ պայմանագիրը գուցե ճիշտ կլինի կնքել եռակողմ՝ Մինսկի խմբի համանախագահ երկների հետ միասին։
Ի վերջո, երբ Ալիևը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին Արցախում իբր ադրբեջանական հուշարձանները, մզկիթներն ավերելու համար, նրան պետք է հիշեցնել, որ Եվրախորհրդարանը հատուկ բանաձևով անդրադարձել է ճիշտ հակառակին՝ Արցախի զավթված տարածքներում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Մեր պետությունը թշնամու կողմից Արցախի մշակութային ցեղասպանության հարցում ունի անհերքելի կռվաններ, որոնք ամեն առիթով պետք է ներկայացնել, հրապարակել և բացահայտել ամբողջ ճշմարտությունը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյան