ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։

 

Մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը եւ սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր եւ հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմում շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք, ըստ հաղորդման՝ նաեւ տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։

Բացի հիվանդներին առնչվող դեպքերից, հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել եւ ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաեւ Վարդենիս քաղաքի մի բնակիչ, որը երբեւէ որեւէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, եւ մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ:

Հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) եւ 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչների, Ոստիկանության ծառայողների համագործակցությամբ անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, վարութային, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանգամանքները պարզելու նպատակով։

Մասնավորապես, նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։ Դրանց ընթացքում հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը մեջքի վրա պառկած դիրքում կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:

Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի եւ ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:

Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել եւ վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաեւ տնօրենը:

Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի մի շարք հանգամանքներ եւ գործի համար նշանակություն ունեցող տվյալներ պարզելու, Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հանցավոր հնարավոր այլ դրսեւորումներ ի հայտ բերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն:

 

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի ազատման պատճառը միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը չէ:

 

Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին ազատել են եւ բացատրել են ազատման հիմքը, որ պարեկային ծառայությունը առհասարակ կազմակերպված չի աշխատում, եւ դեռ ավելին՝ վերջինիս հայտնել են, որ տարբեր ողբերգական դեպքեր են եղել, բայց նա մեկ անգամ չի գնացել դեպքի վայր՝ հասկանալու համար, թե իր ծառայողները ինչ քայլեր են արել, ուստի լավ կլինի՝ նա լքի այդ պաշտոնը:

Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 7-ին։ Ումրշատյանը 2018-2019 թթ. եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս նշանակումն ուշագրավ է մի քանի հանգամանքներով։

Նախ վերջինս ազատվեց փոխվարչապետի պաշտոնից ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ էր դարձել, որ նրա ձայներն ավելին են, քան պետք է լինեին իրականում, եւ արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր Համբարձում Մաթեւոսյանի աշխատանքից՝ նաեւ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, քանի որ հենց վերջինս էր հանդիսանում հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հիմա, փաստորեն, որոշել են, որ Համբարձում Մաթեւոսյանը կարող է լավ խորհուրդներ տալ վարչապետին։

Մեկ այլ հետաքրքիր դրվագ Մաթեւոսյանի մասով. մասնավորապես, փետրվարի 5-ին ձերբակալվել էին Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթեւոսյանն ու նրա շրջապատից եւս երեք անձ։ «Առավոտ» թերթը գրել էր, որ նրանք կասկածվում են ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու համար։ Ընդգծենք՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթեւոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է՝ հոր հորեղբոր որդին։

 

 

 

 

ԼՐԱԳՐՈՂԻՑ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Երեկ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվեց վարչապետի օգնական:

Լրագրողից՝ պատգամավոր, ապա մարզպետ դարձած Նազելի Բաղդասարյանը հրաժարվել էր իր պաշտոնից, առանց հանրային լուրջ հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ցանկանում է աշխատել գործադիրում. մարզպետի աթոռը, կարծես թե, փորձադաշտ էր տիկնոջ համար, ու նա է՛լ «հավես չունի» շարունակելու պաշտոնավարել։ Ի վերջո, մարզպետը հեռացավ, առանց պատասխանատվության զգացումի մարզի բնակիչների հանդեպ։

Հիմա պատասխանատվության այդպիսի զգացում ունեցող Նազելի Բաղդասարյանը նշանակվում է վարչապետի օգնական: Ի վերջո, գործադիրում աշխատելու նրա երազանքը կատարվեց. այլ հարց է, թե նա որքան «հավես կունենա» աշխատել՝ արդեն որպես վարչապետի օգնական:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս