«ԱՐԱՐ» ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու համատեքստում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանութունն ու սերունդներին փոխանցելու գործընթացն ամենաառաջնայինն են: «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի առաքելությունն է նորագույն քաղաքակրթության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության կարեւորության բարձրացումը: «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը ստեղծվել է 2017 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ. գործում է ՀՀԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ եւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: Այն միտված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը Հայաստանի ողջ տարածքում:

 

«Արար» կենտրոնի հիմնական գործառույթը ժողովրդական ստեղծագործության կենսունակության ապահովումն է ազգային մշակույթի ավանդույթները երիտասարդներին փոխանցելու միջոցով:

Այժմ «Արար» կենտրոններ են գործում 8 մարզի 44 համայնքում: Ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ 18 մասնագետ դասավանդում է ավանդական երգ ու պար, գորգագործություն, կարպետագործություն, ժանեկագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, քարի եւ փայտի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն, մանրանկարչություն։

Ստեղծման օրից «Արար» կենտրոններում ուսումնառություն է անցել շուրջ 5000 եւ ավելի շահառու: Ներկա պահին դասընթացներում ներգրավված է շուրջ 900 երեխա եւ պատանի: «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոններ են գործում Սյունիքի (Տեղ), Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Զորական, Բագրատաշեն, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Կողբ, Կոթի, Հաղթանակ), Լոռու (Դսեղ, Ստեփանավան), Արագածոտնի (Արտենի, Ուջան, Ապարան, Արտաշավան եւ Սաղմոսավան), Գեղարքունիքի (Դպրաբակ, Այգուտ, Ձորավանք), Արարատի (Զանգակատուն, Դվին, Դիտակ, Ջրաշեն, Ջրահովիտ, Մասիս), Արմավիրի (Բաղրամյան, Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Առատաշեն, Նորապատ), Կոտայքի (Աբովյան, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Զառ, Ջրվեժ) մարզերում: «Արար» կենտրոններում ուսուցումն անվճար է: Դասընթացների համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները եւս տրամադրվում են անվճար «Արար» կենտրոնի կողմից: «Արար»-ի նպատակն է ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակականության ապահովումը, ճանաչելիության մեծացումն ու նրա հանդեպ հասարակության հոգածության եւ հարգանքի արմատավորումը, ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ապահովումը, Ժողովրդական արվեստի ոլորտում համայնքաբնակ ստեղծագործողներին մասնագիտական աշխատանքով ապահովումը, Հանրապետության լավագույն մասնագետների փորձի փոխանակման ապահովումը գյուղաբնակ երիտասարդ եւ սկսնակ մասնագետների հետ, ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության եւ այն կրողների նկատմամբ հասարակության հոգածության բարձրացումն ու կարեւորումը:

 

 

 

 

«ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ ԵՆ»

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին կասկածում էին ՉԹՕ-ների գործունեության մեջ նրա SKIMS լողազգեստների գովազդային արշավից հետո, որտեղ ներկայացված էին «այլմոլորակայիններ»։ Արշավի դեբյուտը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում՝ վերջերս ՉԹՕ-ների հայտնաբերման ֆոնին:

 

42-ամյա հեռուստաաստղն անցած շաբաթ ներկայացրել է լողազգեստների նոր գովազդային արշավը, որի ռեժիսորն է Spring Breakers-ի տնօրեն Հարմոնի Քորինը: «SKIMS SWIM BY HARMONY KORINE-ը մեկնարկում է փետրվարի 21-ին»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում՝ հավելելով այլմոլորակայինների էմոջի։

Լուսանկարներում Քարդաշյանն է՝ SKIMS բիկինիով եւ մոնոկինիով, շրջապատված լողազգեստներով մոդելներով՝ ֆոտոշոփով արված այլմոլորակայինների գլուխներով։ Այլմոլորակայինների ոգեշնչված արշավը մեկնարկել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ալյասկայի, Կանադայի եւ Միչիգանի վրայով երեք անհայտ թռչող օբյեկտներ են խոցվել: Մի քանի օր առաջ չինական լրտեսական օդապարիկը, որը մեկ շաբաթ թռչում էր ԱՄՆ-ի վրայով, հրթիռով խոցվել էր Հարավային Կարոլինայի ափերի մոտ։ Սոցցանցերում անբացատրելի ակտիվության ֆոնին լուրեր են տարածվել, որ ՉԹՕ-ներն ուղարկվել են այլմոլորակայինների կողմից։ Այն բանից հետո, երբ Քարդաշյանը հրապարակել է SKIMS-ի իր նոր գովազդը, երկրպագուները Քարդաշյանին մեղադրել են այլմոլորակային լինելու եւ գործունեություն ծավալելու համար:

«Այս բոլոր ՉԹՕ-ները ոչնչացվել են, որպեսզի մեզ պատրաստեն SKIMS լողազգեստների թողարկմանը. հիմա ամեն ինչ իմաստ ունի»,- գրել է բաժանորդներից մեկը:

«Դրա համար էլ վերջերս մենք ՉԹՕ-ներ ենք տեսնում»,- նկատել է մեկ այլ օգտատեր։ «Քիմին փրկեցին մի քանի այլմոլորակայիններ, նախքան նրանց ՉԹՕ-ն կկործանվեր… Պաշտպանի՛ր այլմոլորակայիններին ամեն գնով», – ավելացրել է երկրպագուն:

«Արդյո՞ք նա հիմա մեզ պատրաստում է այլմոլորակայինների համար», – հարցրել է երրորդը։

«Ես գիտեի, որ այս ՉԹՕ-ները ինչ-որ կապ ունեն Քարդաշյանների հետ», – նկատել է մեկնաբանություն գրողների մեկը: «Նա գիտի մի բան, որ մենք չգիտենք», – համաձայնել է մյուսը: Սոցցանցերի որոշ օգտատերեր հայտարարել են, որ Քարդաշյանն ու նրա ընտանիքն իրականում այլմոլորակայիններ են։ «Նա հաստատ նրանցից մեկն է… Արթնացե՛ք, խնդրում եմ», – գրել է մեկ այլ օգտատեր։

 

 

 

 

ՆՈՐ ԿՅԱՆՔ

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դուստր են ունեցել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել փետրվարի 19-ին։ «Երբ կանգնած էի հիվանդասենյակի մոտակայքի միջանցքում, ծափահարությունների ու «ուռաների» ձայներ լսեցի։ Լիզան ծննդաբերում էր, իսկ ես սպասումից լարվել ու քրտնել էի։ Մեզ մոտ ամեն բան լավ է։ Աղջիկս մազերով է ծնվել, սեւուկ է, մի փոքր էլ՝ դժգոհ, իսկ դա նշանակում է, որ հաստատ ինձ է քաշել»,-կատակել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ Սարիկ Անդրեասյանը նախորդ ամուսնությունից երկու որդի ունի՝ Մարկը եւ Մարտինը։

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ԼՈԳԱՆՔԻՑ

Դերասանուհի Անատի Սաքանյանը ինստագրամյան իր միկրոբլոգում հրապարակել է «ջակուզի»-ի մեջ իր լոգանքից լուսանկար: Դերասանուհին իր հետեւորդներին ցուցադրել է գրավիչ արտաքինը:

Նկատենք, որ դերասանուհին, ի տարբերություն համացանցային ակտիվությանը, պասիվ է ստեղծագործական կյանքում: Անատին արդեն տեւական ժամանակ է՝ որեւէ հեռուստասերիալում կամ նախագծում չի նկարահանվում:

 

 

 

 

ՏԱՆ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքը նոր անդամով է համալրվել: Բան այն է, որ ԱԺ նախագահը, որն, ի դեպ, բավականին ակտիվ է համացանցային տիրույթում, ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է փոքրիկ նապաստակի, ում նա

կերակրում է գազար, եւ ծանոթացնում իր հետեւորդներին իրենց տան նոր անդամի հետ:




Լրահոս