ՖԻՆԱՆՍԱԿԱՆԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իվետա Եդիգարյանը ավարտել է Երեւանի պետական թատերական ինստիտուտը, ունի երաժշտական կրթություն, 8 տարի երգել է «Տաթեւ» երգչախմբում: Առաջին բեմելը եղել է 5 տարեկանում, ինչի համար ստացել է 10 ռուբլի աշխատավարձ: Հաճախել է նաեւ գեղասահքի: «Վերվարածները» սերիալում Զիտայի դերակատարն էր, այնուհետեւ սկսեց նկարահանվել «Արմենիա» հեռուստաընկերությունում: Երկար դադարից հետո Իվետան հայտնվեց  «Հ2»-ում, որտեղ հիմա  նկարահանվում է «Տաքսի Նեմա» կատակերգություն-սերիալում:
-Ի՞նչն էր պատճառը, որ մի քանի ամիս անգործ էիք:
-8 ամիս ոչինչ չէի անում, կապ չունի` դու լավ դերասան ես, թե ոչ: Այսօրվա դրությամբ իմ լավ կոլեգաները, ում հետ նկարահանվում էինք «Վերվարածները» սերիալում, մի որոշ ժամանակ խաղացին «Արմենիա» հեռուստաընկերությունում ու հետո ինձ պես անգործ մնացին: Շատ պատահական ստացվեց մեր աշխատանքային դադարը: Կարծում եմ, ցանկացած հեռուստաընկերություն պետք է նախօրոք զգուշացնի դերասանին, որ էլ մտադրություն չունի նրան նկարահանելու: Գոնե մեկ ամիս առաջ, որ դերասանն իմանա իր անելիքը:
-Կարծես թե մի քիչ նեղված եք «Արմենիա» հեռուստաընկերությունից:
-Նրանք մեզ ասում էին` կլինի նորը, մենք էլ երկար ժամանակ անգործ մնացինք: Ուրիշ տեղերում էլ արդեն սկսվել էին պրոյեկտները, կեսից հնարավոր չէր: Հիմա շատ ուրախ եմ, որ «Հ2»-ում եմ: Ես հայկական հեռուստատեսություն հիմա չեմ նայում, հիմնականում արբանյակով հեռարձակվող բաներն են ինձ հետաքրքիր: Սերիալ չեմ կարողանում նայել, նույնիսկ երբ ինքս էի խաղում: Մի քանի անգամ նայել եմ ու տեսել այն, ինչ չէի ցանկանա, ուղղակի տեքստ արտասանող դերասանուհի: Նայում ենք, տաքսու վարորդը խաղում է ինչ-որ դեր, բայց ինչո՞ւ դա պետք է անի վարորդը եւ ոչ դերասանները, որոնք շատ լավն են:
-Դուք նաեւ երգում եք, հիմա Ձեզ երգչուհի՞, թե՞ դերասանուհի եք համարում:
-Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաեւ երգում է:
-Լավ, իսկ հավաքական համերգներին ինչո՞ւ հանդես չեք գալիս:
-Ոչ միայն ինձ, այլեւ իմ շատ տաղանդավոր կոլեգա-ընկերներին էլ չեք տեսնի: Հավաքական համերգներին միշտ կոնկրետ նույն մարդիկ են երեւում: Չգիտեմ` ինչ համարեմ շոու բիզնեսը, մաֆիա՞: Ա՛յ, եթե ես ունենայի լավ պրոդյուսեր կամ իմ վրա ծախսվեին մեծ գումարներ, պարզ է` ինձ էլ կներգրավեն այդ համերգներին: Իսկ այսօր այնտեղ միայն նրանք են, ովքեր շատ տեսահոլովակ են նկարում:
Ես ու Վարդան Սարգսյանն էլ նկարահանեցինք վառ, ամառային տեսահոլովակ, բայց ի՞նչ եղավ: Այն ցուցադրելու համար գումար էին պահանջում: Ավելի լավ էր մենք էլ այսօր շատերի պես պատի տակ մի տեսահոլովակ նկարեինք, իսկ մնացած գումարն էլ դնեինք, որ երգը եթերով պտտացնեին: Եթե ուզում ես, որ ցուցադրեն, պետք է վճարես կամ էլ ունենաս մեկը, ով կբարեխոսի քո տեսահոլովակի համար: Ես չեմ կարծում, որ արժե քո գրպանից այդքան գումար դնես, որ տեսահոլովակդ մի ամիս ավել պտտացնեն: Հեռուստատեսությունում նկարվելով ու ակումբում երգելով` հազիվ կարողանում ես նորմալ ապրել:
-Հիմա ո՞ր ակումբում եք աշխատում:
-Արդեն երկար տարիներ է` աշխատում եմ կաբարե «Շարլոտ»-ում եւ չեմ ամաչում դրա համար: Շատ կուզենայի այն երեկոները, որ ես ակումբում եմ աշխատում, բալիկիս հետ անցկացնեի: Բայց այսօրվա դրությամբ ուրախ եմ, որ դա էլ կա, արդեն քանի տարի է` դա մեզ համար հացի խնդիր է լուծում:
-Իսկ Ձեր ամուսինն ինչպե՞ս է արձագանքում:
-Դե սկզբում կային խոսակցություններ, բայց հետո նա հասկացավ, որ եթե ես չաշխատեմ ակումբում, երգեցողությունս կդոփի նույն տեղում: Ախր ուրիշ տեղ չկա, որ գնաս, աշխատես: Կամ էլ պետք է գնաս ռեստորան, որտեղ գրաֆիկն ավելի ծանր է:
-Ձեր հայրը` Աշոտ Եդիգարյանը, նույնպես դերասան է, չի՞ փորձում իր կապերը խառնել, օգնել աղջկան:
-Հայրս էնպիսի բնավորություն ունի, որ ոչ մեկին չի խնդրի: Նույնիսկ երբ ինստիտուտ էի ընդունվում, չօգնեց: Հիմա ծնողներս երկուսն էլ ԱՄՆ-ում են: Հայրս չգիտի, եթե վերադառնա, այստեղ գործ կունենա՞, թե՞ ոչ:
-Իսկ այնտեղ ինչո՞վ են զբաղվում:
-Կոնկրետ աշխատանք չունեն: Քոլեջում են սովորում: Էնտեղից «Շանթ»-ի հետ էին համագործակցում: Դժվարությամբ եմ ասում, բայց էստեղ քեզ չեն գնահատում կամ էլ գնահատում են` քո վաստակից ու դիրքից ելնելով:
-Ձերը փոքր ընտանիք է, ամսական որքա՞ն գումար է հարկավոր նորմալ ապրելու համար:
-Բարդ հարց տվեցիք: Եթե ունեն տուն, մեքենա, երկուսի աշխատավարձով գոնե 2 հազար դոլարով կկարողանան նորմալ ապրել: Իսկ եթե ուզում ես լավ ապրել, գնալ հանգստանալու, այդ գումարով չես կարող: Վատ եմ զգում, որ բժիշկները կամ լավ մասնագետները շատ ցածր են վարձատրվում: Մի օր կուզեի, որ կառավարության անդամները հայտնվեին աշխատավարձով ապրող մարդկանց տեղը: Հաստատ կբարձրացնեին բոլորի աշխատավարձերը: Մարդիկ Հայաստանում ուրախ չեն, նույնիսկ տոները շատ ուրախ չեն նշում: Ամեն ինչ կախված է ֆինանսական խնդիրներից, երբ դրանք լուծված են, հոգեկանդ էլ հանգիստ է լինում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս